Բաժիններ՝

Տիմոշենկոն ակամայից կարող է Պուտինին փրկել «աշխարհաքաղաքական պարտությունից»

Коммерсант-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի խորհուրդն այսօր արտգործնախարարների մակարդակով քննարկելու է Ուկրաինայի կողմից չափանիշների կատարումը, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար: Սակայն այսօր որոշում չի կայացվի տվյալ հարցի շուրջ, քանի որ ԵՄ-ի երկրներում վստահ են, որ Կիևը չի հասել անհրաժեշտ առաջընթացի:

Գլխավոր խոչընդոտը նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ներելու վերաբերյալ պայմանավորվածությունը խախտելն է: Մեկ տարի առաջ ԵՄ-ը Կիևից պահանջել էր վճռական գործողություններ ու զգալի արդյունքներ 3 ոլորտում՝ ընտրական օրենսդրության բարեփոխում, ընտրովի արդարադատության պրակտիկայի դեմ պայքար, ինչպես նաև բարեփոխումների ծրագրի իրագործում:

Ավելի ուշ ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլի նախաձեռնությամբ կազմվեց 11 չափանիշներից բաղկացած ցուցակ, որոնցով գնահատական պետք է տրվեր Ուկրաինայի ունեցած առաջընթացին: Դրանց թվում ներառվել էր նաև Տիմոշենկոյի խնդրի լուծումը: «Ֆյուլեի ցուցակի» կետերից մեծ մասով առաջընթացն արդեն վաղուց մոտ է մնում զրոյին, իսկ կետերից կեսի հարցով ամռան կեսին գրաֆիկից Կիևի հետ մնալը դարձել էր աղետալի:

Սեպտեմբեր-հոկտեմբերին իրավիճակը բարելավվել է. Գերագույն ռադան ընդունել է առանցքային մի շարք օրենքներ, իսկ Վենետիկյան հանձնաժողովը դրական է գնահատել «Դատախազության մասին» նախագահական օրինագիծը: Սակայն Տիմոշենկոյի հարցում այդպես էլ չգրանցվեց առաջընթաց:

Թեև նախորդ շաբաթվա վերջին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացավ բուժման նպատակով Տիմոշենկոյին բաց թողնել Գերմանիա, նրա հարցը նախկինի նման շարունակում է մնալ մշուշոտ: Դրանով իսկ Տիմոշենկոն ակամայից կարող է մեծ ծառայություն մատուցել Մոսկվային, որն արդեն իսկ քանիցս չափազանց բացասաբար է արտահայտվել ԵՄ-ի հետ մերձենալու վերաբերյալ Կիևի պլաններին: Եվրոպական-ուկրաինական ասոցիացիան լուրջ հարված կհանդիսանա Ռուսաստանի համար:

Die Welt-ի մեկնաբան Կլեմենս Վերգենը կայքի բլոգում գրել է, որ Սիրիական հարցում Ռուսաստանի ոչ վաղ անցյալի դիվանագիտական հաջողությունները, Հայաստանի հետ հաջող բանակցությունները ոչինչ են՝ համեմատած Ուկրաինայի առաջիկա կորստյան հետ, ինչը կհանդիսանա «Պուտինի աշխարհաքաղաքական պարտությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս