Սաակաշվիլին հայտնել է, թե որ դեպքում ներկա կգտնվի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե որ դեպքում կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությանը, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 17-ին, Թբիլիսիում:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Մարգվելաշվիլիի երդմնակալությանը կմասնակցի այն դեպքում, եթե վերջինս հարգանք ցուցաբերի պետական ինստիտուտների նկատմամբ՝ հավելելով, որ դրանց նկատմամբ անհարգալից քայլ է համարում Թբիլիսիի «Հավլաբար» թաղամասում գտնվող նախագահական նստավայրից նախագահի աշխատակազմի տեղափոխումը.
«Եթե մնացյալ օրերին նոր կառավարությունն ու նախագահն ամեն դեպքում հարգանք ցուցաբերեն այդ ինստիտուտների նկատմամբ, ապա ես չեմ ունենա որևէ հիմնավորում՝ հրաժարվելու համար որևէ առաջարկից»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Մարգվելաշվիլիի երդմնակալությանը ներկա գտնվելու հրավերներ են ուղարկվելու նախկին նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին ու Էդվարդ Շևարդնաձեն: Վերջինս իր հերթին հայտարարել է, որ անպայմանորեն կմասնակցի դրան, եթե ների իր առողջական վիճակը:
Գեորգի Մարգվելաշվիլին օրեր առաջ առաջարկել էր Թբիլիսիի «Հավլաբար» թաղամասում գտնվող և Միխեիլ Սաակաշվիլիի կողմից կառուցված նախագահական նստավայրը հանձնել Վրաց-ամերիկյան համալսարանին: