Սիրիան կարող է վերածվել «միջերկրածովյան Աֆղանստանի». Աբդուլլահ Գյուլ
Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է շատ խիստ դիրքորոշում որդեգրի Սիրիայի հանդեպ:
Գյուլի խոսքերով՝ եթե միջազգային հանրությունը չաջակցի Սիրիական հակամարտության կարգավորմանը, ապա այդ երկիրը կարող է վերածվել «միջերկրածովյան Աֆղանստանի»:
Ընդգծելով, որ 32 ամսում Սիրիայում զոհվել է ավելի քան 100.000 մարդ՝ Գյուլը հայտարարել էր, որ հնարավոր էր այդպիսի կորուստներից խուսափելը, եթե միջազգային հանրությունը ժամանակին միջամտեր հակամարտությանը:
Հիշեցնելով, որ Սիրիական հակամարտության սկսվելու ժամանակ դրա կարգավորմանը միտված Թուրքիայի միջնորդական ջանքերն արդյունք չեն տվել՝ Գյուլը հայտարարել է, որ գոյություն ունի Սիրիայի սահմաններից պատերազմի դուրս գալու ռիսկ: Նա զգուշացրել է, որ Թուրքիայի վրա հարձակվելու կամ էլ նրա սահմանները խախտելու դեպքում իրենք կհասցնեն ռազմական խիստ պատասխան:
Սիրիացի փախստականների հետ կապված՝ Գյուլը հայտարարել է, որ երկրում ապաստան է գտել 500.000 սիրիացի փախստական, որոնցից 200.000-ը տեղավորվել է փախստականների համար նախատեսված ճամբարներում, իսկ մնացյալ 300.000-ը՝ քաղաքներում: Գյուլը հայտարարել է, որ սիրիացի փախստականների վրա իրենք ցայժմ ծախսել են 2 միլիարդ դոլար: