Գալուստ Սահակյանը` Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի մասին
Թեև նոյեմբերի 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6 տարին, այնուամենայնիվ, մինչ օրս իշխող Հանրապետական կուսակցությունը չի քննարկել Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի հարցը:
Մեզ հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե իրենք չեն շտապում քննարկել Վերահսկիչ պալատի ղեկավար կազմում փոփոխություններ կատարելու հարցը` պատճառաբանելով, որ «քննարկելու ժամանակը կգա»: Ի պատասխան մեր հարցին, թե` անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որ Իշխան Զաքարյանը շարունակի պաշտոնավարել, Գալուստ Սահակյանը նշեց.
«Կարծում եմ` էդ կապակցությամբ որևէ խնդիր չկա: Քաղաքական վճռի խնդիր է, որը դեռևս չի քննարկվել»:
Հետաքրքրվեցինք, թե Իշխան Զաքարյանի բացահայտումները բյուջետային չարաշահումների մասին, որոնք նախագահի կողմից խիստ գնահատականի արժանացան, չե՞ն դառնա նրան այդ պաշտոնից ազատելու պատճառ, Սահակյանը պատասխանեց.
«ԱԺ-ն բանավեճի ամբիոն է, և, բնականաբար, դրական պետք է համարել, որ բանավեճեր են լինում: Սա պատերազմ չէ, կռիվ չէ, բացասական երևույթ չէ: Պարզապես մեր իրականության մեջ տրադիցիաներ չկան, որ ամեն ինչ հակասությունների չվերածեն. պատգամավորը մի հարց է, տալիս, նախարարը պատասխանում է, ասում են` հակասություն է: Մինչդեռ և կառավարությանն է ձեռնտու քննարկումը, և՛ խորհրդարանին, և՛ հանրությանը»:
Ճշտմանը, որ, եթե ՎՊ նախագահի փոփոխություն լինի, ապա այն չի՞ լինի այդ բացահայտումների պատճառով, Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց` ավելացնելով, թե ինքը դրական է գնահատում Իշխան Զաքարյանի վեց տարվա գործունեությունը. «Եթե փոխվի էլ, բնական է, որ այդ պատճառով չի լինի, որովհետև նման խնդիրները ոչ թե չափագրվում են աշխատանքի արդյունավետությամբ, այլ` քաղաքական որոշմամբ, թե գործող քաղաքական թիմը որ անձին ինչ դերակատարում է տալիս հետագայի համար»:
Մեր հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է Գ. Սահակյանը համակարգում որևէ մեկին, ով կարող է փոխարինել Իշխան Զաքարյանին, նա այսպես արձագանքեց. «Անփոխարելիներ չկան: Մենք բավական շատ կադրեր ունենք»: Թե ո՞ւմ նկատի ուներ ՀՀԿ փոխնախագահը, այդպես էլ չմանրամասնեց նշելով, թե դա կապ չունի անձի բացասական կամ դրական աշխատանքի հետ: Նա նշեց, թե ինքը չի տեսնում որևէ թերացում Իշխան Զաքարյանի աշխատանքում, ուստի չի կարող կանխատեսել` վերջինս կշարունակի՞ աշխատել ՎՊ նախագահի պաշտոնում, թե՞ ոչ:
«168 ԺԱՄ»