Դումանյանը տեղյակ չէ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը տեղյակ է, որ «Նատալի ֆարմ» ընկերությունն ապօրինի ճանապարհով դեղորայք է ներկրել Հայաստան, բայց պատասխանել չի կարող, թե ինչո՞ւ անօրինականության համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկում։ «Մենք ընդամենը կարող ենք ասել՝ այդ դեղը գործածության համար պիտանի՞ է, թե՞ ոչ, և թե ՀՀ-ում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե ՀՀ-ում գրացված չէ, ուրեմն՝ պետք է առգրավվի այդ դեղորայքը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դերենիկ Դումանյանը։ Հարցին, թե դեղը հայտնաբերելուց հետո այն առգրավվե՞լ է, նախարարը պատասխանեց, թե տեղյակ չէ։

Հիշեցնելով մամուլի հրապարակումները, թե «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք մեկ այլ ընկերության պարագայում հայտնաբերված դեղը կառգրավվե՞ր: Ի պատասխան նախարարը նշեց, թե ոլորտում արտոնյալ կարգավիճակով ընկերություն չկա, ապա հավելեց. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դեղորայք ներկրող որևէ ընկերություն առողջապահության նախարարության կողմից երաշխավորված չէ և ոչ էլ արտոնյալ է: Բոլորը պետք է աշխատեն նույն չափանիշներով, օրենքի սահմաններում»։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, թե «Նատալի ֆարմից» ձեռք բերած «Պրեգնիլ» տեսակի դեղը անօրինական ճանապարհով է ներկրվել Հայաստան: Ըստ թերթի՝  նման ճանապարհով շատ դեղերի են բերվել Հայաստան «Նատալի ֆարմի» ցանցերով:

Դերենիկ Դումանյանը շեշտեց, թե իր կարծիքով դժվար է նման անօրինական ձևով դեղորայք ներմուծել Հայաստան: Նման դեպքերում Դումանյանի առաջարկ-խորհուրդը հետևյալն է.  «Հաղորդում տվեք իրավապահ մարմիներին»:

Տեսանյութեր

Լրահոս