Յուրի Վարդանյան. Ես էլ, իմ տղան էլ ոչ մի խնդիր չունենք, ու էդ հարցով թող ընդհանրապես ինձ չդիմեն
Ինչպես տեղեկացրել ենք, 2014թ. պետական բյուջեի նախագծի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը ներկայացրեց բյուջեով ոլորտին հատկացրած գումարները:
Զեկույցի վերջում` դիմելով ՀՀԿ-ական իր գործընկերներին, Յուրի Վարդանյանը խնդրեց, որ իրեն որևէ մեկն ուղեկցի: Նախարարը հավանաբար նկատել էր իրեն սպասող լրագրողներին, ովքեր արդեն երկրորդ անգամ փորձում էին ստանալ Յ. Վարդանյանից պարզաբանումներ ստանալ նրա որդու միջադեպի առնչությամբ: Նա քննարկման ժամանակ տեղից դիմեց լրագրողներին՝ ասելով. «Այս մեկ շաբաթվա մեջ իմ անվան շուրջը պտտվող լուրերի մասին ասեմ՝ ես էլ, իմ տղան էլ ոչ մի խնդիր չունենք: Ու էդ հարցով թող ընդհանրապես ինձ չդիմեն»:
Երբ լրագրողները հարցրին, թե ինչի՞ հետ կապ չունեք, նա այդպես էլ չպատասխանեց, իսկ նրան ուղեկցող կինն էլ նշեց, թե նախարարը շտապում է հանձնաժողովի նիստին:
Լրագրողների խնդրանքին, թե հարցերին պատասխանելը մեկ-երկու երկու րոպե կլինի, Յուրի Վարդանյանն այսպես արձագանքեց. «Ոչ մի րոպեով կպրծնեք, ոչ քսան րոպեով, ոչ էլ երկու ժամով կպրծնեք: Ես ասեցի՝ ես որևիցե խնդիր չունեմ՝ ոչ անձնապես, ոչ տղայիս հետ կապված, ոչ էլ առավել ևս նրա հետ՝ ինչի մասին խոսում եք»:
Հարցին, թե ստացվում է, որ Ձեր տղան թմրանյութի տեղափոխման հետ առնչություն չունի՞, նախարարը պատասխանեց. «Անօրինական որ լիներ՝ այնտեղ չէր լինի»: