Սերգեյ Լավրովն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է վրաց ժողովրդին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հույսեր է պահպանում՝ կապված Ռուսաստանի հանդեպ Վրաստանի նոր իշխանությունների բարեկամական քաղաքականության հետ.
«Մենք ցանկանում ենք, որ վրաց ժողովուրդը հնարավորինս շուտ ավարտի իշխանական նոր մարմիններ կազմավորելուն առնչվող կազմակերպչական հարցերը և հուսով ենք, որ այդ իշխանությունները ռուսական ուղղությամբ կվարեն բարեկամական, բարիդրացիական քաղաքականություն՝ հաշվի առնելով այդ բարդ տարածաշրջանի ժամանակակից իրողությունները»:
Լավրովն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է վրաց ժողովրդին. «Ստացված տեղեկատվության համաձայն, ընտրություններն անցել են ազատ ու անկեղծ, ոչ ոք չի վիճարկում դրանց արդյունքները»: Վրաստանի ԿԸՀ-ը հայտնել է, որ ստացել է ընդամենը երեք բողոք՝ կապված ընտրությունների հետ: