Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարն իր էջն է բացել Facebook սոցցանցում
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նորանշանակ նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն իր էջն է բացել Facebook սոցցանցում: Դրանով իսկ շատերը բացառիկ հնարավորություն են ստացել ուղիղ դիմել նախարարին:
Հոկտեմբերի 22-ին Իլհամ Ալիևի հրամանով պաշտոնանկ է արվել ալիևյան կառավարության ամենասկանդալային նախարարներից մեկը՝ Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, ով տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 1995 թվականի սկզբներից:
Ալիևի մեկ այլ հրամանով, Պաշտպանության նախարար նշանակվեց Ներքին զորքերի հրամանատար, «Գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարի առաջամարտիկ Զաքիր Հասանովը: Զինվորականները մեծ ոգևորությամբ ընդունեցին այդ փոփոխությունը, երկիրը ձերբազատվեց «աբիևշչինա» վիթխարի ուռուցքից:
Իր նոր պաշտոնում Զաքիր Հասանովն անմիջապես ձեռնամուխ եղավ կադրային մաքրման: Հասանովի հետ մեծ հույսեր են կապում, որոնք անհիմն չեն, քանի որ Ներքին զորքերը նրա գլխավորած երկար տարիներին Ադրբեջանի զինված ուժերի համակարգում հանդիսացել են օրինակելի ու մարտունակ զորամիավորում: