Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվելու է նոյեմբերի 17-ին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվելու է նոյեմբերի 17-ին՝ ընտրություններից երեք շաբաթ անց: Այս մասին այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի անդամ, խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեն:
Նա ընդգծել է, որ երդմնակալության արարողությունն անցկացվելու է նախագահական ընտրություններից հետո երրորդ կիրակի օրը՝ նոյեմբերի 17-ին: Վրաստանում արդեն իսկ ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքների 90.99 տոկոսը (3404 ընտրատեղամաս):
ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան հայտարարել է, որ մեծ առավելությամբ առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին է, ով հավաքել է քվեների 62.09 տոկոսը: Նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բակրաձեն հավաքել է քվեների 21.9 տոկոսը, իսկ երրորդ տեղում խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն է՝ 10.06 տոկոս: