Կաղամբը պահպանում է առույգությունը և ուրախ տրամադրությունը

Բուժիչ նամակներ

Հնէաբանները կարծում են, որ մարդը սննդի մեջ տերևային կաղամբն օգտագործել է սկսած քարե դարից, իսկ եգիպտացիները Ք.ա. 6-րդ դարում մշակել են սպիտակագլուխ կաղամբը: Հռոմեացիները զգալիորեն կատարելագործել են կաղամբի մշակույթը` նրանց հայտնի են եղել բրոկկոլին, ցողունակաղամբը (կոլրաբի) և կարմրագլուխ կաղամբը:
Սպիտակագլուխ կաղամբի տերևները հարուստ են C վիտամինով, կարոտինային նյութերով` կալիումով պարունակում են նաև B1, B2, B5, B6, E, D, PP, K, B9 վիտամիններ, քոլին, ֆլավոնոիդ կվերցետին, ֆիտոնցիդներ, մակրո և միկրոտարրեր` կալցիում, մագնիում, ֆոսֆոր, ծծումբ, պղինձ, մոլիբդեն, կոբալտ, յոդ:

Կաղամբի հիմնական առանձնահատկությունները
Սպիտակագլուխ կաղամբի, կամ նույն ինքը` կաղամբ բանջարանոցայինի գիտական անվանումն է Brassica oleracea: Brassica լատիներեն բառը փոխառնված է bresic=կաղամբ կելտական բառից: Միայն այս լեզվաբանական բնույթի ստուգաբանությունը կարող է վկայել, որ Փոքր Ասիայում և Այսրկովկասում կաղամբը հայտնի է եղել հնագույն ժամանակներից: Ա. Ամասիացին գրել է թարմ կաղամբի և դրա տերևներից ստացված հյութի հակաբորբոքային, թույլ լուծողական, ոսկորների ցավը հանգստացնող, վերքամոքիչ, միզամուղ, երեխաների աճին նպաստող, հակաուռուցքային և հակաայտուցային և այլ բուժիչ հատկությունների մասին:

1952թ. տարածվեց հաղորդագրություն այն մասին, որ կաղամբի հյութով հաջողվել է բուժել ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցը: Այն ժամանակ դա փորձում էին վերագրել մի նյութի, որը կոչվում է վիտամին U (ulcus=խոց): Կասկածից վեր է, որ այդ նյութը չի կարող դասվել մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերի (vita=կյանք) շարքին: U նյութի սինթետիկ այլատեսակի` «մետիլ-մետիոնին-սուլֆոնիումի քլորիդի», բուժիչ ազդեցությունը զգալիորեն թույլ է, քան կաղամբից ստացված թարմ հյութինը: U-ն ծծումբի միացություններ է պարունակում:

Կարդացեք նաև

Ժողովրդական բուժարարները վաղուց ի վեր օգտագործել են կաղամբն ուռուցքների բուժման համար: Ժամանակակից հետազոտողները պարզել են, որ կաղամբազգիները պարունակում են այդ ընտանիքին բնորոշ ծծումբի միացություններ, որոնցից առավել ուսումնասիրվածն «ինդոլ-3-կարբոնատն» է:

Կարևոր է իմանալ, որ այդ նյութը (նյութերը) կանխարգելում է կանանց օրգանների հորմոնալ բնույթի ուռուցքների առաջացումը և զարգացումը:

Շատ գիտնականներ կարծում են, որ կաղամբազգիները պարունակում են նյութեր և միացություններ, որոնք խթանում են բջիջների հակաօքսիդանտային պաշտպանությունը. ընդ որում, և՛ ներքին, և՛ արտաքին մակարդակներում:

Կարևոր է նկատել, որ սպիտակագլուխ կաղամբի մեջ հայտնաբերված հակամանրէ հատկություն ունեցող նյութը (լիցոզիմը և տիոգլիկոզիդները, նույնպես ծծումբ են պարունակում): Ծծմբի յուրացմանը նպաստում է երկաթը, շատ կարևոր է նաև, որ կաղամբում պարունակվող կալցիումը լավ է յուրացվում օրգանիզմում:

Ծծումբը կենսագենային մակրոտարր է, որպես օրենք` մարդու օրգանիզմում չի նկատվում այդ տարրի սակավությունը: Պարունակվում է մետիոնին և ցիստեին ամինաթթուներում, որոշ վիտամիններում` տիամին և բիոտին, ֆերմենտներում, և ամենակարևորը` սպիտակուցների դիսուլֆիդային կամրջակներում: Ծծումբը մեծապես նպաստում է ֆոտոսինթեզի գործընթացին, պարունակվում է բակտերիոքլորոֆիլում: Առանց ծծմբի մասնակցության` չեն կարող ընթանալ մի շարք կենսական էներգիա գոյացնող ռեակցիաներ:

Ծծմբի օգտակարության ոլորտը մարդու օրգանիզմի համար շատ մեծ է:
Կարևոր ենք համարում ընդգծել, որ կաղամբը կարելի է դիտել` որպես ծծմբի (օրգանիզմում հեշտ յուրացվող) միացությունների մատակարար, քանի որ ծծմբի և կաղամբի հյութի օգտակար հատկություններն ունեն մի շարք նմանություններ:

Բուժում է կաղամբ բանջարանոցայինի հյութը
Աթերոսկլերոզ. Խմեք 100-ական մլ թարմ հյութ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Շարունակեք 7 օր, ընդմիջեք 5 օր, խմեք ևս 10 օր: Կրկնեք 1 ամսից:
Հիպերտոնիա. 50 մլ չորացրած թարմ հյութի մեջ լուծեք 2 գ (կես թ/գ) շաքարավազ: Այդ չափաբաժնով խմեք օրը 4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, խմեք կումերով և միաժամանակ կերեք 20-30 գ ծիրանի չիր կամ չամիչ: Շարունակեք 10 օր, ընդմիջեք 20 օր, կրկնեք:

  • Խառնեք 50-ական մլ խնձորի և կաղամբի հյութեր, խմեք օրը 4 անգամ` ուտելուց առաջ, գոլ վիճակում:

Շարունակեք 10 օր, 20 օրից կրկնեք:

Ճարպակալում, 12-մատնյա աղիի խոց. օրը 3 անգամ` ուտելուց 40 րոպե առաջ խմեք կաղամբի հյութ.

  • Առաջին շաբաթը` 100-ական մլ, 2-րդ շաբաթը` 150-ական մլ, 3-րդ շաբաթը` 200-ական մլ:

Փայծաղի մաքրում. Խմեք 100-ական մլ թարմ հյութ, 4 ժամը մեկ, օրը 3 անգամ: Շարունակեք 14 օր, կրկնեք 1 շաբաթից: Նոյեմբեր ամիսը լավագույն ժամանակն է այս գործողության համար:

Կարևոր է իմանալ, որ փայծաղը մարդու իմունային համակարգի կարևորագույն օրգաններից մեկն է, իսկ կաղամբում հայտնաբերված ծծումբի միացություններն ակտիվորեն մասնակցելով օրգանիզմում ընթացող թթվեցման-վերականգնման գործընթացին` նպաստում են ողջ օրգանիզմի մաքրմանը:

Երիկամների հիվանդություններ, քրոնիկ պիելոնեֆրիտ. Կեչու թարմ մատղաշ տերևները 2 ժամ թրմեք եռջրում (1:4), տաք տեղում կամ ջերմապահում, քամեք խմելուց առաջ: Խառնեք 50-ական մլ կեչու թուրմ և կաղամբի թարմ գոլ հյութ, խմեք օրը 3 անգամ` ուտելուց առաջ:

Շարունակեք 10 օր, կրկնեք 7 օրից: Հասկանալի է, որ այս բուժումը հնարավոր է իրականացնել միմիայն գարնանը, մինչև ամառային արևադարձի օրը, որը, ըստ կելտական օրացույցի` համապատասխանում է կեչի ծառատեսակին (24.06):

Ի դեպ, Ծաղկաձորը հնում կոչվել է Կեչառոյք (տե՛ս` Ջ. Սահակյան, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը», Երևան, 2012թ.):

Բրոնխիտ. 1 ճ/գ վարսակի ձավարը 5 րոպե եփեք 100 մլ ջրում, քամեք, խառնեք կաղամբի թարմ հյութի հետ (1:1): Խմեք 30-ական մլ` օրը 3 անգամ:
Թոքախտ. Խմեք 100-ական մլ հյութ` օրը 3 անգամ, մեղրի հետ, գոլ վիճակում:
Լյարդի հիվանդություններ. Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:  Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս