Մաքսային միության մեջ Հայաստանի մտնելու «ճանապարհային քարտեզը» պետք է պատրաստվի մինչև դեկտեմբեր
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տիրույթի մեջ Հայաստանի մտնելու «ճանապարհային քարտեզը» պետք է պատրաստվի մինչև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթաժողովը, որը դեկտեմբերին անցկացվելու է Մոսկվայում:
Այս մասին երեկ ուշ երեկոյան Մինսկում ավարտված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթաժողովի արդյունքներով լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը.
«Հայաստանի վերաբերյալ ընդունվել է կոնկրետ որոշում, որ աշխատանքային խումբը սկսում է աշխատել, և «ճանապարհային քարտեզը» և առաջին արդյունքներն արդեն իսկ ներկայացվելու են դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք Խորհրդի նիստում»:
Շուվալովի խոսքերով՝ Հայաստանը խոստանում է մի քանի ամսվա ընթացքում ընդունել Մաքսային միության մեջ մտնելու համար անհրաժեշտ նորմատիվային-իրավական բազան. «Հայաստանի նախագահը դիմել է Մաքսային միության երկրների նախագահներին՝ հնարավորինս արագ իրենց բոլոր համաձայնագրերը վավերացնելու հնարավորություն ընձեռելու համար»:
Շուվալովն ընդգծել է, որ որոշվել է, որ աշխատանքային խումբը գործելու է որոշակի ժամկետում՝ առանց արագացման որևէ հատուկ մեխանիզմի, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ մեկն արհեստականորեն Հայաստանը ներքաշում է Մաքսային միության մեջ:
Շուվալովը նաև չի բացառել, որ Հայաստանի անդամակցությունը կարող է տեղի ունենալ երկու փուլով՝ Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տիրույթին: