Թուրքիայում ստեղծվել է ընդդիմադիր «Գեզի» կուսակցությունը
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք երաժիշտների, նկարիչների ու մտավորականների խումբը հիմնել է «Գեզի» կուսակցությունը, որն իր անունը ստացել է նույնանուն այգուց, որի հետ կապված այս ամռանը Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում բողոքի ակցիաներ էին կազմակերպել տասնյակ հազարավոր մարդիկ:
Քաղաքական նոր միավորումն Արդարադատության համակարգում գրանցվել է դեռևս հոկտեմբերի 1-ին, սակայն նրա ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել է միայն հոկտեմբերի 24-ին: Կուսակցության կրաճատ անվանումն է GZP:
GZP-ի առաջնորդ է դարձել 37-ամյա ռոք երաժիշտ Ռեշիթ Ջեմ Քյոքսալը: Նա արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում հավակնել այն բոլոր անձանց ղեկավարելու դերին, որոնք ամռանը պաշտպանել են այգին: Քյոքսալն ընդգծել է, որ իրենց նպատակը ժողովրդավարական երկրում ապրելն է՝ հավելելով, որ իրենց իրավունքների պաշտպանության համար իրենք դուրս են եկել փողոցներ և արյուն են թափել:
Ընտրվելու դեպքում GZP-ի պատգամավորները պաշտպանելու են ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, անկախության ու արդարության իդեալները: Գլխավոր առաջադրանքը նոր Սահմանադրության վրա աշխատանքներ տանելն է, որը պետք է լինի շատ ավելի ժողովրդավար:
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի ամռանը: