ԲՈՀ-ի պետի թեկնածուների անուններն առայժմ գաղտնի են
«ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմումները ընդունվելու են մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը: Մինչ օրս նշյալ պաշտոնը զբաղեցնելու համար դիմել են ընդամենը 2 հոգի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանը` նշելով, որ թեկնածուների անունները չի կարող հրապարակել` «հետագա անհարկի զարգացումներից խուսափելու համար»:
«Խոսքը ոչ միայն այս, այլ ընդհանրապես մեր բոլոր մրցույթներին է վերաբերում, մենք նախօրոք աննուներ չեն հրապարակում, քանի որ այդ պարագայում հնարավոր է որոշակի ճնշումներ գործադրվեն մրցույթի մասնակիցների նկատմամբ»,- ասաց Գ. Աբրահամյանը` նշելով, որ մրցույցի մասնակիցների անունները կհրապարակվեն մրցույթի օրը միայն:
Տեղեկացնենք, որ մրցույթը կկայանա 2013 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 14:30` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի շենքում:
Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Արտուշ Ղուկասյանն ազատվել էր «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից: