Թուրքական Anka անօդաչու թռչող սարքը կստանա արբանյակային կապի համակարգ
Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է սեփական արտադրության Anka անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) հագեցնել սեփական մշակման արբանյակային կապի համակարգով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) ղեկավար Մուրադ Բայարը:
Վերջինիս խոսքերով՝ արբանյակային կապի շնորհիվ կմեծանա ԱԹՍ-ի գործունեության հեռահարությունը՝ ընդգծելով, որ այդ մասին որոշում է ընդունվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության հետ խորհրդակցությունից հետո:
Բայարն ընդգծել է, որ Anka ԱԹՍ-ի նախագիծը պլանավորված է զարգացնել աստիճանաբար՝ այն հագեցնելով նորանոր համակարգերով և ընդլայնելով նրա գործառույթները: Բացի այդ, թուրքական Turkish Engine Industries ընկերությունը առաջադրանք է ստացել նոր շարժիչ մշակել ԱԹՍ-ի համար:
Anka-ի երկարությունը կազմում է 8 մետր, իսկ թևերի բացվածքը՝ 17.3 մետր: ԱԹՍ-ն ունի 155 ձիաուժ հզորությամբ շարժիչ, այն կարող է օդում անընդմեջ մնալ 24 ժամ և հետախուզություն իրականացնել 9000 մետր բարձրությունից: Ներկա դրությամբ Anka-ն ունի ինֆրակարմիր և դիտարկման էլեկտրոնային-օպտիկական համակարգեր: