Բաժիններ՝

Երվանդը թատրոնի առաջատար դերասաններից էր

Երեւանի Մյասնիկյան պողոտայում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի ուղեւորուհու՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանի վիճակը ծանր կայուն է:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից:

Նա այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, միացված չէ արհեստական շնչառության ապարատին: Հիվանդանոցից հայտնեցին, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի, պետք է վերին վերջույթների վիրահատություն անեն, կոնքի ոսկորները եւս կոտրված են, երկար ժամանակ նա կմնա անկողնում, դեռ հայտնի չէ՝ հետագայում կկարողանա քայլել, թե ոչ:

Ըստ տեղեկությունների` երիտասարդ աղջիկը մահացած դերասանի՝ Երվանդ Ենգիբարյանի հյուրն էր Ռուսաստանից, եւ ամենայն հավանակությամբ, միջադեպի ժամանակ նրանք վերադառնում են սիրված դերասանի տարեդարձը նշելուց:

Երվանդ Ենգիբարյանին ճանաչողները, ինչպես նաեւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմը սգի մեջ է, նրանք միայն դրական եւ լավ խոսքերով են հիշում Երվանդին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Ալեքսանդր Գրիգորյանը ասել է,որ  նա վերջին երկու օրերին թատրոնում չէր երեւացել, թատրոնի առաջատար, լավագույն դերասաններից էր, կյանքով լեցուն երիտասարդ:

Երվանդ Ենգիբարյանի մայրը աշխատում է իրենց մոտ՝ որպես ռեժիսորի օգնական, հայրը աշխատում է Պարոնյանի անվան թատրոնում, նա ուներ մեկ քույր, ով ամուսնացած է եւ երեխաներ ունի: Թատրոնի նրա կոլեգաները նաեւ նշել են, որ Երվանդը վերջերս էր մեքենան գնել վարկով, թեեւ վարել վաղուց գիտեր:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը նշեց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված են մի շարք փորձաքննություններ: Դրանց եզրակացությունից էլ կախված է նյութերի ընթացքը՝ քրեական գործ կհարուցվի, թե ոչ: Քննիչը նշել է, որ վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու մասին վաղ է խոսել, դա ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը: Ինչ վերաբերում է մեքենան բարձր արագությամբ վարելուն, նա հստակ արագություն չնշեց՝ հավելելով, որ ենթադրվում է, որ հայտնի դերասանը արագ կարող է վարած լինել:

Նշենք, որ նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս