Անլեգալ զբոսաշրջության պատճառով Թուրքիան տարեկան կորցնում է ավելի քան 10 միլիարդ դոլար
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան անլեգալ զբոսաշրջության պատճառով տարեկան կորցնում է ավելի քան 10 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիան (TÜRSAB):
Վերջինիս հաղորդմամբ՝ Թուրքիայում տարեկան մոտ 15 միլիարդ դոլար է թաքցվում հարկեր վճարելուց, ինչը հանգեցնում է երկրի տնտեսության թուլացմանը: TÜRSAB-ը հավելել է, որ ներկա դրությամբ անլեգալ զբոսաշրջությունը չափազանց ուժեղ տարածված է Թուրքիայի գրեթե բոլոր շրջաններում, ուր գործում են չգրանցված զբոսաշրջային ընկերություններ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին զբոսաշրջությունից Թուրքիայի ստացած եկամուտը կազմել է 5.8 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 1.6 միլիարդ դոլարով: Միևնույն ժամանակահատվածում զբոսաշրջության վրա կատարված ծախսերն աճել են 1 միլիարդ դոլարով՝ կազմելով 1.7 միլիարդ դոլար: