Սիրիական ընդդիմության ղեկավարը նախապայման է ներկայացրել՝ «Ժնև 2»-ին մասնակցելու համար
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ ալ-Ջարբան հայտարարել է, որ չի մասնակցի Սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված «Ժնև 2» միջազգային խաղաղության կոնֆերանսին, եթե վերջինիս գլխավոր նպատակը չհանդիսանա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը:
Ալ-Ջարբան իր այս հայտարարությունը հնչեցրել է Լոնդոնում, ուր այսօր անցկացվում է «Սիրիայի բարեկամների» խմբի խորհրդաժողովը, որում ընդգրկված է սիրիական ընդդիմությանն աջակցող արևմտյան ու արաբական 11 երկիր:
Դրանով իսկ ալ-Ջարբան փաստացիորեն կրկնել է Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային դաշինքի սկզբնական նախապայմանը, որը խոչընդոտել է «Ժնև 2»-ի անցկացմանը: Ավելի վաղ Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը հայտարարել է, թե «Ժնև 2» կոնֆերանսն անցկացվելու է նոյեմբերի 23-24-ին: