Եգիպտոսի իշխանությունները չեն երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները չեն երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը, որի ժամկետը սպառվում է նոյեմբերի կեսին: Այս մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շերիֆ Շաուկին:
Նա ընդգծել է, որ չնայած եկեղեցու վրա կատարված կիրակնօրյա հարձակմանը, որի ժամանակ իսլամականներին զոհ գնաց 4 մարդ, արտակարգ դրության ռեժիմը վերացվելու է նոյեմբերի 14-ին: Շաուկին հավելել է, որ անհրաժեշտության դեպքում արտակարգ դրության գործունեության երկարաձգման հարցը կդրվի համաժողովրդական հանրաքվեի:
Եգիպտոսի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել օգոստոսի 14-ին՝ ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի հրամանով: Դա համընկել է զինվորականների ու իսլամականների կոշտ դիմակայության շրջանին՝ կապված նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի գահընկեցության հետ: