Մաքսային միության երկրները հարկադրված են համագործակցել Ուկրաինայի հետ. Լուկաշենկո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագիր ստորագրելն ավելի մեծ վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը, քան՝ Բելառուսի տնտեսությանը:
Լուկաշենկոն Մոսկվայում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել գտնել փոխզիջումային տարբերակներ, քանի որ Մաքսային միության երկրները չեն կարող հրաժարվել Ուկրաինայի հետ համագործակցությունից:
Լուկաշենկոյի խոսքերով՝ ներկայումս վերլուծության է ենթարկվում այն վնասի չափը, որը կարող է պատճառել Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչն ակնկալվում է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում.
«Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի համար պաշտպանվելը պարզ առաջադրանք է: Սակայն անհրաժեշտ է գտնել փոխզիջում, քանի որ Մաքսային միության անդամ երկրներն ամեն դեպքում հարկադրված կլինեն համագործակցել Ուկրաինայի հետ»: