Հովհաննես Մարգարյան. Եղել է «տղամարդկային բանավեճ», գործը բռունցքներին չի հասել

«Տեղի է ունեցել փոքրիկ բանավեճ՝ տղամարդկային բանավեճ, որի առիթը հանդիսացել է բոլորովին վերջերս Արթուր Բաղդասարյանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած երեկվա միջադեպին:

«Ես ընթացակարգերին ծանոթ չեմ, բայց մի բան գիտեմ հաստատ և վստահեցնում եմ ձեզ, որ Սպորտի նախարարությունը՝ որպես պատկան մարմին Կառավարության կողմից կոչված է այս ընթացակարգերը պաշտպանելու: Եղել է ընտրություն և բոլորս գիտենք, որ սպորտաձևերում պաշտոնատար անձանց լրացուցիչ ներգրավվածությունը միայն օգուտ կբերի այդ ոլորտի զարգացմանը, և եթե այս առումով նկատի ունենանք, որ ՌԴ-ում Արթուր Բաղդասարյանի գործընկերը նույնպես Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահն է, փոխադարձ համագործակցությունը միմիայն կնպաստի այդ սպորտաձևի զարգացմանը:

Կարծում եմ՝ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ արդեն խոսում են այդ մասին, որ լրացուցիչ ֆինանսական հոսքեր կներգրավվեն, Ռուսաստանը բավական կաջակցի տարբեր ծրագրերում: Այնպես որ՝ դա միայն ողջունելի է: Կոռեկտ չեմ համարում մանրամասնել, հաճախ քաղաքական բանավեճը կարող է վերաճել նաև տղամարդկային բանավեճի, և ավարտվել է բանավեճը կոռեկտության սահմաններում, ըստ էության, կարելի է ասել, որ երկուստեք իրենց կարծիքը հիմք ընդունելով բաժանվել են: Այսինքն՝ հեռացել են օդակայանից՝ տանելով իրենց կարծիքը»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:

Նա բացատրեց, թե «բանավեճ» ասելով նկատի ունի, որ Գ. Ծառուկյանի և Ա. Բաղդասարյանի միջև «տղամարդկային» բանավեճ է եղել, որը «վայել է իրոք տղամարդ քաղաքական գործիչներին», ովքեր կարող են «պահի տակ վրդովվել»:

Ըստ նրա՝ շատերը փորձում են շահարկել այս միջադեպը, պղտոր ջրում ձուկ որսալ՝ լղոզելով իրականությունը: «Ես մի բան գիտեմ՝ այսօրվա դրությամբ «մայր» հասկացողությունը բոլոր տղամարդկանց համար սրբություն է և չեմ կարծում, որ որևէ մեկը թույլատրի նման հայհոյանքներ: Ես հպարտ եմ Արթուր Բաղդասարյանի և ներկայով, և անցյալով: Նա քաղաքական գործիչ է, ով գրագետ, երիտասարդ, խիզախ, համարձակ է և իր անցած ճանապարհով արժանապատվության, պատվի, համարձակության… Ես իր անցած ողջ ճանապարհը տեսել եմ, գիտեմ և բոլոր տղամարդկային, և քաղաքական և առավել ևս բարոյական կողմերը: Կարծում եմ, որ բոլորս էլ պիտի նպաստենք, որ որոշակի դեպքերում, երբ քաղաքական գործիչների միջև որոշակի… լինում է, նյարդերը տեղի են տալիս, նպաստենք, որ հաշտ-համերաշխ… ի վերջո, իրենք հաշտությամբ բաժանվել են իրարից: Գործը բռունցքներին չի հասել, դա ապատեղեկատվություն է»,- եզրափակեց ՕԵԿ պատգամավորը:

 

Տեսանյութեր

Լրահոս