ԵՄ-ը որոշել է վերսկսել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է վերսկսել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բազմամյա բանակցությունները, որպեսզի Անկարային դրդի ժողովրդավարության կառուցման:
Այս մասին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած այսօրվա հանդիպման ժամանակ պայմանավորվել են ԵՄ-ի անդամ 28 երկրի Մշտական ներկայացուցիչների խորհրդի (COREPER) մասնակիցները: Այդ հանդիպումը նախորդել է արտգործնախարարների մակարդակով ԵՄ-ի Խորհրդի նիստին:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը, որը շարունակվում է արդեն 8 տարի (2005 թվականից), դադարեցվել էր այս տարվա հունիսին՝ Անկարայում տեղի ունեցած բողոքի ակցիայի կոշտ ճնշումից հետո: Դրանից հետո ԵՄ-ի երկրները կասկած էին հայտնել, որ թուրքական ժողովրդավարությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ:
Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը կբարձրացնի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու և իր նորմերը եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու Թուրքիայի հետաքրքրությունը:
Դրանով իսկ ոչ ոք չի թաքցնում, որ Թուրքիայի հետ երկխոսությունը վերսկսելու մասին որոշումն ընդունվել է բացառապես գաղափարական նկատառումներով: Ընդ որում, չեն դիտարկվում ԵՄ-ին այդ երկրի անդամակցելու իրական հեռանկարներ: Փորձագետների գնահատմամբ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու շուրջ բանակցային գործընթացը հաջող հանգամանքների դեպքում կավարտվի 15-20 տարի անց: