Սահմանադրական փոփոխություններով կորոշվի պատգամավորների ռեյտինգը

Մեկուկես ամիս առաջ՝ սեպտեմբերի 4-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին:

Ըստ հրամանագրի հանձնաժողովի աշխատանքի առաջին արդյունքը պետք է լինի մինչև 2014թ. ապրիլի 20-ը նախագահին Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ ներկայացնելը, որից հետո 10 ամսվա ընթացքում նախագահին պետք է ներկայացվեր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ըստ հանձնաժողովին մոտ կանգնած մեր աղբյուրների այս պահին հանձնաժողովում ընթանում է սահմանադրական փոփոխություններին ուղղված գաղափարների հավաքագրում. հանձնաժողովի անդամները ներկայացնում են գաղափարներ, թե ինչը կարելի է փոխել գործող Սահմանադրության մեջ և ինչպես:

Բոլոր այդ գաղափարները պետք է ծառայեցվեն մեկ հիմնական փոփոխության. կիսանախագահական հանրապետությունից կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ստեղծվել է այդ նպատակի իրականացման համար, իսկ մնացածը, ըստ էության, պետք է ածանցվի դրանից:
Խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում պատգամավորների ընտրությունը պետք է տեղի ունենա 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ գործող մեծամասնական ընտրակարգը պետք է վերանա: Իսկ մեծամասնական ընտրակարգի գոյությունը թույլ էր տալիս գործող իշխանությանը` տեղերում առաջադրել հանրապետական գործարարներին և նրանց միջոցով խորհրդարանում ունենալ մեծամասնություն:

Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ մեծամասնական ընտրակարգը վերանում է, ինչպե՞ս վերահսկել ՀՀԿ համամասնական ցուցակ մտած գործարար պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը: Կարելի է յուրաքանչյուր գործարարի կցել կոնկրետ ընտրատարածքի և այդ ընտրատարածքում ՀՀԿ ստացած քվեներով որոշել տվյալ անձի աշխատանքի արդյունավետությունը: Ենթադրենք` թիվ 18 ընտրատարածքը կցել պատգամավոր Արայիկ Գիրգորյանին, և այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի ստացած քվեներով որոշել, թե նա որքանով է արդյունավետ աշխատել ՀՀԿ-ի համար: Եթե այդ ընտրատարածքում ՀՀԿ-ն ստացել է բավարար քվեներ, ապա Արայիկ Գրիգորյանը կդառնա պատգամավոր, եթե ոչ` նա ինքնաբացարկ կներկայացնի:

Նման բան 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորներին ասել էր, թե ցուցակում տեղերը հարաբերական են, և պատգամավոր կդառնա նա, ով իրեն կցված ընտրատարածքից առավել թվով քվեներ կապահովի կուսակցության համար, ինչը և, ըստ էության, արվեց:
Բայց այս տարբերակը կառավարող ՀՀԿ-ի համար անիրականանալի և անընդունելի է: Խնդիրն այն է, որ բացի համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուից, ՀՀԿ-ի համար տվյալ ընտրատարածքում քվեներ ապահովելու պարտավորություն ունեն մարզպետները, քաղաքապետերն ու գյուղապետերը, այլ մանր ու միջին կարգի չինովնիկներ և իշխանությունից կախված գործարարներ: Եվ միշտ չէ, որ պատգամավորի թեկնածուի և մարզպետի, պատգամավորի թեկնածուի և քաղաքապետի հարաբերությունները հարթ են ու բարեկամական:

Լինելով նույն կուսակցության և քաղաքական թիմի անդամներ, նրանք շատ դեպքերում իրար նկատմամբ անձնական թշնամանք են տածում: Եվ եթե ընտրատարածքը կցվի միայն պատգամավորի թեկնածուին, մարզպետներն ու մյուս ՀՀԿ-ականներն իրենց ազատված կզգան կուսակցության ցուցակի համար աշխատելու պատասխանատվությունից, կամ նույնիսկ կարող են աշխատել սեփական կուսակցության դեմ` պատգամավորի թեկնածուին տապալելու, նրա ընտրությունը վիժեցնելու համար:

Այս խնդիրը լուծելու և համամասնական ընտրակարգի դեպքում անգամ մեծամասնական ընտրակարգը պահպանելու նպատակով, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պատրաստվում է ներկայացնել առաջարկություն՝ քվեարկությունը ռեյտինգային համակարգով անցկացնելու մասին: Սրա իմաստն այն է, որ ընտրողը ձայն է տալիս ոչ միայն իր նախընտրած կուսակցությանը, այլ նաև այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված կոնկրետ թեկնածուին: Այսպիսով, ընտրողն ինքն է որոշում, թե կուսակցության համամասնական ցուցակից ով դառնա պատգամավոր: Այս համակարգը գործում է մի քանի ժողովրդավարական երկրներում, դրա նպատակն է` ստեղծել ներկուսակցական մրցակցություն և մեծացնել ընտողների մասնակցությունը խորհրդարանի ձևավորման հարցում:

Բայց այս համակարգը Հայաստանում կարող է աշխատեցվել բոլորովին այլ կերպ. համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորները պետք է ցույց տան, թե որքան ձայն են իրենք ապահովել կուսակցության համար: Օրինակ` ռեյտինգային քվեարկության համակարգի միջոցով շատ հեշտ է պարզել, թե Լոռու մարզում, ասենք, հանուն Հովհաննես Սահակյանի` որքան ընտրող է քվեարկել ՀՀԿ համասնական ցուցակի օգտին:

Մարզպետի կամ մյուս պաշտոնյաների աշխատանքն այլևս կարելի կլինի տարբերակել. քանի որ հնարավոր է, որ մարզպետն առաջադրանք ստանա` ձայներ ապահովել Գագիկ Մինասյանի, իսկ Վանաձորի քաղաքապետը՝ Ռազմիկ Զոհրաբյանի համար, ովքեր, թեև բարձր անձնական վարկանիշ չունեն և չեն կարող ձայներ ապահովել, բայց կուսակցական ղեկավարությունը նրանց խորհրդարանում լինելը համարում է անհրաժեշտություն:

Այս անունները խիստ պայմանական են, և նրանց փոխարեն կարելի է ռեյտինգային քվեարկության մեխանիզմը ներկայացնել այլ մարդկանց օրինակով: Ուղղակի այս ձևով ՀՀԿ-ն կարող է համամասնական ընտրակարգն անվանապես վերացնելով` իրականում այն պահպանել և նույնիսկ ավելացնել:

Այս մեխանիզմը չափազանց վտանգավոր կարող է լինել ընդդիմության համար. օրինակ` ՀԱԿ համասնական ցուցակը 2012թ. խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ եթե 2012թ. լիներ ռեյտինգային քվեարկություն, կարող էր պարզվել, որ ՀԱԿ-ին ձայն տված ընտրողների 99 տոկոսը ցանկանում են, որ պատգամավոր դառնա Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ որևէ մեկը չի քվեարկել Լևոն Զուրաբյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի օգտին: Իհարկե, ՀԱԿ-ը` հաղթահարած լինելով 7 տոկոսանոց արգելքը, կունենար այսօրվա նման 7 պատգամավոր, բայց կստացվեր, որ հասարակությունը ձայն է տվել մի մարդու, իսկ պատգամավոր են դառնում ուրիշները:

Կամ, օրինակ, ՀՅԴ-ի դեպքում. ռեյտինգային քվեարկությունը կարող է ցույց տալ, որ «Գրանդ քենդիի» գործադիր տնօրենն ավելի շատ քվեներ ունի, քանի Վահան Հովհաննիսյանը և Արծվիկ Մինասյանը` միասին վերցրած:

Ինչպես տեսնում եք, հայկական քաղաքական միտքը ելքեր է գտնում նույնիսկ այնտեղ, որտեղ թվում է, թե փակուղի է: ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն պնդում էին, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգը կօգնի ընդդիմությանը` պակասեցնելու իշխանությանը ենթակա գործարարների ազդեցությունը խորհրդարանական ընտրությունների վրա, մինչդեռ կարող է պարզվել, որ համամասնական ընտրակարգի այս տարբերակին անցնելու դեպքում իշխանությունն ավելի մեծ հնարավորություն կստանա աշխատեցնելու գործարարներին և ավելի արդյունավետ վերահսկելու նրանց աշխատանքի արդյունավետությունը:

Տեսանյութեր

Լրահոս