Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլիի թիմը նախագահական ընտրություններից առաջ կարող է հրապարակել իր հաղթաթուղթը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործը կբացահայտվի մոտակա ամիսներին, և ժողովուրդը կիմանա նրա մահվան մասին իրականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանգուցյալ քաղաքական գործչի եղբայր Գեորգի Ժվանիան:

Նա հայտարարել է, որ իրենք քանիցս կրկնել են, որ Ժվանիային սպանել են, սակայն դեռ հայտնի չէ՝ դա եղել է քաղաքական սպանությո՞ւն, թե՞ այլ դրդապատճառներով կազմակերպված սպանություն: Գեորգի Ժվանիայի խոսքերով՝ այդ մասին հայտնի կդառնա մոտակա ամիսներին, երբ կավարտվի հետաքննությունը:

Այս ամենի հետ մեկտեղ նա հայտարարել է, որ իր եղբոր մահվան գործում ի հայտ են եկել նոր հանցանշաններ ու նոր հանգամանքներ, որոնց մասին նախկինում հայտնի չի եղել: Նոր հանցանշանների հայտնաբերումը հաստատվել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլիի կողմից:

Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարել է, որ եթե այդ հանցանշանների ներկայացումն իրականացվի մոտ ժամանականերս, ապա դրանք զգալի ազդեցություն կունենան հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Զուրաբ Ժվանիան հանդիսացել է 2003 թվականի նոյեմբերին Վրաստանում իրականացված «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկը, ինչի արդյունքներով Միխեիլ Սաակաշվիլին եկել է իշխանության գլուխ: Ժվանիային մահացած վիճակում Թբիլիսիում հայտնաբերել են 2005 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական վարկածով՝ նա մահացել է գազի արտահոսքից թունավորվելու պատճառով:

2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության եկավ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը: Արդեն նոյեմբերին Վրաստանի Գլխավոր դատախազությունը ձեռնամուխ եղավ Ժվանիայի մահվան հանգամանքները վերստին հետաքննելուն:

Հիշեցնենք, որ նախոր տարվա խորհրդարանական ընտրությունների շեմին Իվանիշվիլիի թիմը հրապարակել էր Վրաստանի բանտերում բանտարկյալներին կտտանքների ենթարկելու և նվաստացնելու վերաբերյալ կադրեր, ինչը շատերի կարծիքով վճռորոշ ազդեցություն ունեցավ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա՝ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը խորհրդարանական մեծամասնությունից վերածելով խորհրդարանական փոքրամասնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս