Թուրքիան այսօր ավելի շատ ունի ԵՄ-ի կարիքը, քան՝ երբևէ. Շտեֆան Ֆյուլե

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը երեկ ներկայացրել է Թուրքիայի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Դրանում ընդգծվել է վերջին մեկ տարում Անկարայի կատարած կարևոր քայլերը ժողովրդավարության ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ մտահոգություն է հայտնվել մի շարք ոլորտներում առկա իրավիճակի համար:

Զեկույցում դրականորեն են գնահատվում մի շարք իրավական բարեփոխումներ և քրդական հարցի կարգավորման շարունակումը: Միևնույն ժամանակ ընդգծվում է առավել ներկայացուցչական ժողովրդավարության ձևավորման անհրաժեշտությունը, որն ունակ կլինի ընդգրկել հասարակության բոլոր շերտերը:

Զեկույցում բարձր է գնահատվում ոչ վաղ անցյալում ընդունված դատական բարեփոխումների փաթեթը, ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը և թուրք-քրդական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ սկսելը:

Զեկույցում զգուշացվում է, որ երկրի քաղաքական կլիման շարունակում է պահպանել բևեռացման ցուցիչներ: Ինչ վերաբերում է մայիսի վերջին և հունիսին Թուրքիայում «Գեզի» այգու համար բռնկված բողոքի ակցիաներին, ապա զեկույցում քննադատության է ենթարկվում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը:

ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, մեկնաբանելով զեկույցը, հայտարարել է, որ Թուրքիան այսօր ավելի շատ ունի ԵՄ-ի կարիքը, քան՝ երբևէ՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու համար: Նա Անկարային կոչ է արել ստորագրել հետընդունման մասին համաձայնագիրը և երկխոսություն սկսել վիզային խնդրի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս