Սանկտ Պետերբուրգում կանխվել է կովկասցիների նկատմամբ ազգայնականների կազմակերպած սադրանքը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը հայտարարել է, որ երեկ՝ մուսուլմանների կողմից Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոն) նշման օրը, իրենց հաջողվել է կանխել ազգայնականների պլանավորած սադրանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ-ի պետերբուրգյան վարչության ղեկավար Սերգեյ Ումնովը:

ՆԳՆ-ում քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածով (ազգամիջյան պայքարի բորբոքում) և ձեռնամուխ են եղել սադրանքը կազմակերպողների հայտնաբերմանը: Աղբյուրների պնդմամբ՝ կազմակերպիչներից մեկն ազգայնական Նիկոլայ Բոնդարիկն է:

Ումնովն ընդգծել է, որ ազգայնականների ոմն առաջնորդներ փողի դիմաց երկու երիտասարդի առաջարկել են խաղալ կովկասցիների զոհի դեր: ՆԳՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ «տուժածներից» մեկը իրեն դանակով վիրավորել է մետրոպոլիտենի կայարաններից մեկի մոտ: Հայտնի չէ, թե դրա համար նրանք որքան գումար են վճարել:

Ինչ վերաբերում է երկրորդ երիտասարդին, ապա իբրև թե տրավմատիկ ատրճանակից կրակել են նրա թիկունքին քաղաքի պողոտաներից մեկում: РИА Новости-ի տվյալներով՝ դրա համար նրան վճարվել է 20.000 ռուբլի:

Դրանից հետո տուժածները դիմել են բուժկետ, իսկ սադրանքի կազմակերպիչները համացանցում հաղորդագրություն են տարածել կովկասցիների հարձակման մասին և անկարգությունների կոչեր են տարածել:

Հարցաքննության ժամանակ, տուժածներից մեկը խոստովանել է, որ հարձակումը եղել է բեմադրված: Իրեն դանակով վիրավորածը քոլեջներից մեկում սովորող 16-ամյա երիտասարդ է, իսկ մյուս տուժածը՝ 25-ամյա Վասիլի Բարանովը: Նրանք երկուսն էլ տվյալ գործով անցնում են որպես վկաներ:

Սադրանքների մասին տեղեկատվությունը հայտնվեց այն բանից հետո, ինչ ազգայնականները հոկտեմբերի 13-ին անկարգություններ կազմակերպեցին Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում՝ կապված ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից 25-ամյա մոսկվացի Եգոր Շչերբակովին սպանելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս