Պարգև Սրբազան. Զորի Բալայանը շատ ճիշտ արեց, որ այդ նամակը ուղարկեց
ԳԱԼԱ-ն զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Պ. արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, որը ներկայացնում ենք հատվածաբար:
– Սրբազան հայր, արդեն երկու օր անընդմեջ քննարկվում է Զորի Բալայանի նամակի բովանդակությունը՝ ուղղված ՌԴ նախագահին: Արցախից պաշտոնական գնահատականները ավելի քիչ էին: Ձեր գնահատականը ինչպիսի՞ն է Զ. Բալայանի նամակի և դրա շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ:
– Ես կարծում եմ, որ Զորի Բալայանը շատ ճիշտ արեց, որ այդ նամակը ուղարկեց. որոշակի պատմական ծալքեր կային այստեղ, որոնք պետք է որ բացահայտվեին, որպեսզի Ռուսաստանի նախագահը ավելի լավ տիրապետեր այդ ամենին: Գիտեք՝ նախագահը մարդ է և ամեն մարդ իր ազգի պատմությունը` նույնիսկ Ռուսաստանինը իդեալական չգիտի, և ինքը պարտադիր չէ, որ մանրամասներ իմանա մեր մասին: Խոսքը առանցքային մանրամասների մասին է, ճակատագրական մանրամասների, ուստի գտնում եմ, որ Զորի Բալայանը շատ ճիշտ արեց. այդ կարևոր պատմության քաղաքական խնդիրը բացահայտում արեց:
– Զորի Բալայանը իր նամակով հայտնվել է քննադատության թիրախում: Նրան քննադատում են դավաճանության համար, ասում են` պետք է զրկելն Արցախի շքանշաններից, եւ որ նա արհամարհում է Արցախի համար կռված մարդկանց…
– Ոչ, այդպիսի բան չկա և պետք էլ չէ այդպիսի մեկնաբանություններ անել, դա արդեն նշանակում է սպեկուլյացիա անել, այդպիսի միտք չկա նամակում: Մենք միայն ուզում ենք մեր անկախությունը ամրապնդենք, սա է մեր բոլորիս նպատակը եւ ցանկությունը:
– Իսկ եթե դա է մեր նպատակը՝ անկախությունը, այդ դեպքում ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից:
– Ո՞րն էր նպատակը, Զ. Բալայանն ասել է, որ մենք ազատագրվել ենք պարսկական լծից եւ անցել ենք քրիստոնեական Եվրոպայի միակ գերտերությանը, նպատակը ո՞րն էր՝ քրիստոնեական արժեքների իրական դաշտում ապրել եւ գոյատևել, սա էր մեր երազանքը, բայց ոչ թե հետո Սովետական Միությունը գար եւ մեզ մատներ թուրքական լծին, սա էր:
Ասել կուսի՝ իրենք ինչի տեր դարձան 200 տարի առաջ եւ եթե հիմա քաղաքական առումով սխալվեն, իրենք սխալվեն՝ Ռուսաստանը, այսինքն, եթե մեզ նորից դարձնեն Ադրբեջանի լծի տակ, Ռուսաստանը լրիվ իր ձեռքբերումները կկորցնի այս տարածաշրջանում փաստորեն, դա է խնդիրը: Ռուսաստանը այս տարածքում կորցնելու է իր ազդեցությունը, սա է ասածը, այլ ոչ թե մենք ասում ենք՝ միանանք Ռուսաստանին, այդպիսի բան չկա: