Գիրք-եկեղեցի՝ «ԱՅԲ» կրթական ավանում (լուսանկարներ)
Այսօր «Այբ» կրթական ավանում տեղի է ունեցել Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: Եկեղեցին կառուցվում է բարեգործական միջոցներով: Նախատեսվում է, որ եկեղեցու շինարարությունը կավարտվի երկու տարի անց:
Եկեղեցին, որի ճարտարապետն է Էրիկ Օհանյանը, կազմված է «մարդ-գրքերից»: Դրանք անձնավորված կենդանի գրքեր են, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է սբ Թարգմանիչներից մեկին: Եկեղեցու կառույցը խորհրդանշելու է այն մարդկանց, որոնց էական գրավոր ժառանգության վրա խարսխված է հայ ինքնությունը և հոգևոր գիտակցությունը: Եկեղեցու հիմնահարկում գործելու է աստվածաբանական գրադարան:
Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք ժամանել են աշխարհի տարբեր երկրներից, ինչպես՝ Դավիթ Յանը, Արթուր Ջանիբեկյանը, Ղարիբ Մովսիսյանը, Մանանա Ասլամազյանը, և այլք:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ Արամյանը ներկայացրել է եկեղեցու նախագիծը: Եկեղեցու ներկայությունը «Այբ» կրթական ավանում խորհրդանշելու է գիտելիքի և բարոյական արժեքների միջև գոյաբանական կապը և մեր հոգևոր-ազգային ճանապարհի առանձնահատկության խորհրդանիշը: