Բաժիններ՝

Կառավարությունը «աննախադեպ ծավալի» ֆինանսական միջոցներ է տրամադրում՝ տնտեսական աճը խթանելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են Կանանց ձեռներեցությանն աջակցելու ծրագրով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրից: Դրա համաձայն ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերվի 300 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի, որի առնվազն կեսը պետք է պատկանի և/կամ կառավարվի կանանց կողմից: Պարտավորությունն իրականացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխիքային դրամագլուխը համալրել երկու մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Դրամագլուխը ձևավորվել է 2004-2013 թթ. ընթացքում ՀՀ պետբյուջեից և միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներով. այդ ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 428 գործող և 454 սկսնակ ՓՄՁ սուբյեկտի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկը նշանակում է, որ մարդիկ կարող են հայտեր ներկայացնել և դրանց հիման վրա օգտվել վարկային միջոցներից: «Այժմ մենք տնտեսական աճը խթանելու համար աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ ենք տրամադրում Կենտրոնական բանկին և առևտրային բանկերին,- հավելել է վարչապետը: – Դա նշանակում է, որ բիզնեսը պետք է իմանա, որպեսզի բիզնես ծրագրեր մշակի, օգտվի այդ գրանտային տարրից: Այդ գործում մարդկանց կօգնեն փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոնները: Հակառակ պարագայում ստացվելու է, որ մենք ունենք առևտրային վարկային ռեսուրներ, որոնցից օգտվող չունենք: Սրան պետք է ուշադրություն դարձնել: Մենք եվրոբոնդերից ստացված գումարի մի մասը տալու ենք Կենտրոնական բանկին՝ վարկային միջոցներով բանկերի ֆինանսական ռեզերվներն ավելացնելու համար: Հիմա փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար Ասիական բանկից ենք վարկ վերցնում: Բայց այնպես պետք է անենք, որ պահանջարկն էլ հետևից հասցնի: Ես խնդրում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը զանգվածային լրատվական միջոցներին մանրամասն բացատրություն տա, կոնկրետ օրինակներով ցույց տա այն գրասենյակները, ուր նրանք կարող են դիմել և օգնություն ստանալ: Հեռուստատեսությամբ պետք է երևա, թե այդ կենտրոններն ինչպես են օգնում մարդկանց մշակել բիզնես ծրագրեր, որպեսզի ամեն ինչ հասանելի լինի մեր բնակչությանը, հակառակ դեպքում այս ծրագրերն արդյունավետ չեն կարող լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031