Արա Աբրահամյան. Սերժ Սարգսյանը վախկոտներից չէր, որ վախենար ու ինչ-որ զիջումի գնար
Արդեն տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով այցելելու է Հայաստան և կատարելու է ամիսներ առաջ տված իր՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու խոստումը: 168.am-ը Հայաստանում գտնվող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից հետարքրքվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը, ՌԴ նախագահը կայցելի՞ Հայաստան: Ի պատասխա նա նշեց. «Այո, իհարկե, հնարավոր է գա, ինչո՞ւ՝ ոչ: Ես կարծում եմ, որ հնարավոր է»:
Հարցին, թե համամի՞տ եք այն տեսակետների հետ, թե Վլադիմիր Պուտինը «վախեցրել է» Սերժ Սարգսյանին՝ Մաքսային միությանն անդամագրվելու պատրաստակամություն հայտնելու հարցի հետ կապված, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ես նման անպատասխանատու հայտարարություններ չեմ լսել և դրանք լուրջ չեմ ընդունում: Սերժ Սարգսյանը վախկոտներից չէր, որ վախենար ու ինչ-որ զիջումի գնար: Նայեք Սերժ Սարգսյանի անցած ուղին ու կտեսնեք. էն մարդը ռազմավարության նախագահ է եղել, հաղթել է, պատերազմի է մասնակցել»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մեկ գիշերում որոշվեց մտնել Մաքսային միություն, Արա Աբրահամյանը պատասխանեց. «Մի գիշերում դուք եք որոշել: Սերժ Սարգսյանը մի գիշերում չի որոշել: Քանի որ դուք պատմություն չգիտեք, չեք կարդում թերթեր, չեք հետևում, չգիտեք, որ Ս. Սարգսյանի հանձնախումբը երեք տարի Եվրազիա խմբի հետ դիտորդի դերում է եղել, երեք տարի նայել են, ուսումնասիրել են: Եթե կարդացել եք իմ հոդվածը, կտեսնեք, որ հակառակն եմ ասում, Սերժ Սաևրգսանը շատ ուշացրեց պատասխանը տալու և արդարացնում եմ` ինչու ուշացրեց, որովհետև երկար ուսումնասիրում էր, երկար նայում էր, թե որն ա իր երկրի շահը: Ու Սերժ Սարգսյանը իր երկրի շահը հանձնողներից չի»:



