Սաակաշվիլին պարգևատրել է Պուտինի նախկին խորհրդականին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ պետակյան բարձրագույն պարգև հանդիսացող Սուրբ Գեորգի անվան հաղթանակի շքանշան է շնորհել ռուս ընդդիմադիր, Ռուսաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով նախկին խորհրդական Անդրեյ Իլլարիոնովին:
Սաակաշվիլին Իլլարիոնովին անվանել է Ռուսաստանի մեծ հայրենասեր և ընդգծել է, որ նա վիթխարի ներդրում է ունեցել 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի հիմքերի հետազոտման մասին (խոսքը գնում է Իլլարիոնովի հետազոտությունների մասին, որոնցում նա օգոստոսյան պատերազմը որակել է որպես «ռուսական հատուկ ծառայությունների փառահեղ սադրանք»):
Իլլարիոնովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին և ընդգծել է, որ Հաղթանակի շքանշանը տրվել է ոչ միայն իրեն, այլև՝ ողջ ռուս ժողովրդին, որը եղել և մնում է վրացիների բարեկամը: Իլարիոնովը նաև ընդգծել է Վրաստանի ղեկավարության հաջողությունները՝ կապված բարեփոխումներ անցկացնելու հետ:
Իլլարիոնովը Պուտինի խորհրդական է հանդիսացել 2000 թվականի ապրիլից մինչև 2005 թվականի դեկտեմբերի 27-ը: 2005 թվականի սեպտեմբերի վերջին նա կտրականապես քննադատել է ռուսական իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ երկրում իրականացվել է հեղաշրջում դեպի պետական կապիտալիզմ, ինտերվենցիոնիզմ ու պոպուլիզմ: Դրանից քիչ անց նա հրաժարական է տվել:



