Վրաստանը Գերմանիային խնդրում է ազդել Ռուսաստանի վրա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Գերմանիա կատարած այցի ժամանակ հանդիպել է իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելեի և կանցլերի՝ անվտանգության քաղաքականության ու արտաքին հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ:

Փանջիկիձեն նրանց խնդրել է ազդել Ռուսաստանի վրա՝ կապված նրա հետ, որ այս տարվա մայիսից սկսած՝ ռուս սահմանապահները լարափակոցներ են անցկացնում Ցխինվալի շրջանի վարչական սահմանին, և մի շարք հատվածներում սահմանը խորացվել է Վրաստանի տարածքի ներսում: Նույն գործընթացը նկատվում է նաև Աբխազիայում:

Փանջիկիձեն հայտարարել է, որ Գերմանիան ավանդաբար լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ինչի համար էլ ինքը խնդրել է ազդել Ռուսաստանի վրա՝ կապված վերջին իրադարձությունների հետ:

Փանջիկիձեն ու Վեստերվելեն քննարկել են նաև Վրաստանի եվրաինտեգրման հարցը և մասնավորապես Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի հարցը: Փանջիկիձեն երկօրյա այցով Գերմանիա է մեկնել երեկ:

Տեսանյութեր

Լրահոս