Փաստաբանների պալատի ու Արդարադատության նախարարության միջև հակամարտություն է հասունանում
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված այսօրվա գրությամբ խնդրել է շրջանառությունից հանել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: «Փաստաբանական համայնքը չի հանդուրժելու այս Նախագծերը և օրենքով չարգելված բոլոր միջոցներով (այդ թվում` ծայրահեղ) պայքարելու ենք այս Նախագծերի դեմ»,- նշվում է գրության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նախագծերով նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 ՀՀ դրամի չափով:
Որպես Նախագծերի ընդունման հիմնավորում նշվել է, որ «օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից»:
Որպես ընթացիկ իրավիճակ և խնդիրներ, մասնավորապես, նշվել է, որ «օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար»:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր դժգոհությունն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարության ապակառուցողական այս նախաձեռնության կապակցությամբ:
Փաստաբանների պալատի դիրոքորոշման համաձայն, նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում՝ այս պահի դրությամբ փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը՝ ընդ որում, դա կատարում է անվճար: ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում տեղադրված է փաստաբանների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և չի ներկայացվել հիմնավորում այն մասին, որ ներկայումս կիրառվող հրապարակային հաշվառումը չի նպաստում կամ խոչընդոտում է պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության ազատ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությանը: Եթե նախագծի նպատակը Նախարարության տեղեկատվական բազայում ՀՀ փաստաբանների տվյալների ապահովումն է, ապա կարելի է ուղղակի հղում կատարել ՀՀ փաստաբանների պալատի կայքէջին կամ օրենքով նախատեսել, որ ՀՀ փաստաբանների պալատը պարտավոր է որոշակի տեղեկություններ հավաքել փաստաբաններից և հրապարակել: Նախարարությունը չի բերել որևէ փաստ այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից հաշվառում չի իրականացվում, կամ, որ իրականացվող հաշվառումը ազգաբնակչության մատուցվող ծառայությունների որակի վրա է ազդել:
Նախարարությունը չի հիմնավորել, ըստ ՓՊ նախագահի, թե ինչու և ինչպես կարող է Նախարարության կողմից վարվող գրանցամատյանի ներդրումը ազդել փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Նախագծերից պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «վարել» ծառայությունը կամ գործողությունը: Այն իր մեջ չի ներառում գրանցամատյանում փաստաբանի, փաստաբանի օգնականի հաշվառում, հաշվառված անձանց վերաբերյալ տվյալներում փոփոխության կատարում և հաշվառումից հանում, քանի որ Նախագծով նախատեսված է, որ դա կատարում է ՀՀ փաստաբանների պալատը: Այն չի ներառում նաև տեղեկատվության տրամադրումը, քանի որ Նախագծում նախատեսված է, որ գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է: Այսինքն, նախարարության կողմից իրականում ծառայություն չի մատուցվում կամ որևէ գործողություն չի կատարվում, որից օգտվելու համար էլ վճարվի պետական տուրք:
Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանից գանձվի տուրքը տարեկան կարգով այն դեպքում, երբ Նախարարությունը իրավաբանական անձանց գրանցամատյանները վարելու համար տարեկան պետական տուրքեր չի գանձում:
Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու հատկապես 60.000 ՀՀ դրամ պետք է գանձվի ֆիզիկական անձ փաստաբանից, ինչպես է այդ գումարը ձևավորվել: Հատկանշական է, որ առևտրային իրավաբանական անձ գրանցելու պետական տուրքը նախատեսված է միանվագ և 12.000 ՀՀ դրամի չափով:
Մանրամասները կարդացեք այստեղ՝