Միխեիլ Սաակաշվիլին վերընտրվել է իր կուսակցության առաջնորդի պաշտոնում
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով իր պաշտոնին հրաժեշտ է տալու հոկտեմբերի վերջին, 2 օր առաջ վերընտրվել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդի պաշտոնում:
Թբիլիսիի Սպորտի պալատում 10.000-12.000 մարդու առջև ունեցած ելույթում Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունն իշխանության կվերադառնա շատ ավելի շուտ, քան կարծում են ոմանք:
Նա իր համակիրներին կոչ է արել մի կողմ դնել սեփական հավակնությունները և քաղաքական ընդդիմադիրներին չդիտարկել որպես թշնամիներ. «Մենք ունենք թշնամիներ: Դա նրանք են, ովքեր օկուպացրել են մեր տարածքները և դրանցում անցկացնում են լարափակոցներ»:
Կուսակցության քաղխորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Վրաստանի նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն: Հարցումների համաձայն, նրա վարկանիշը մի փոքր զիջում է փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլիի վարկանիշին, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Վրացական երազանք» դաշինքը:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 27-ին: Նախագահի թեկնածուների քանակն այս անգամ կազմել է 23, ինչը ռեկորդային ցուցանիշ է Վրաստանի պատմության մեջ: Նախագահի թեկնածուները հնարավորություն ունեն մինչև հոկտեմբերի 17-ը հայտարարել ինքնաբացարկ: