Արման Գրիգորյան. Նման հայտարարությունները վնասում են ընդդիմության վարկին

«ԵԽ ԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցի նման հարցերն ու հայտարարություններն ընդհանրապես վնասում են ընդդիմության վարկին, նման հայտարարությունները երբեք տպավորություն չեն ստեղծում, որ ընդդիմությունը լուրջ գործով է զբաղված, և որևէ արդյունք, բացի ընդդիմության վարկը գցելուց ու ընդդիմության հեղինակությանը հարվածելուց, նման հայտարարությունները չեն կարող ունենալ»,- «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը` մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանին ուղղված հարցը, թե արդյոք նա վերջերս խաղացե՞լ է Եվրոպայի կազինոներում, և որքա՞ն գումար է տանուլ տվել:

ԵԽ ԽՎ պատվիրակները, Ա.Գրիգորյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական կյանքի նրբերանգներին շատ ծանոթ չեն և նման հայտարարությունից հետո կարող են գալ այն եզրակացության, որ Հայաստանի ընդդիմությունը բաղկացած է «չափազանց վատ դաստիարակություն ստացած փողոցայիններից ու անլուրջ մարդկանցից, և, որ ինչքան էլ արգահատելի լինեն Հայաստանի իշխանությունները, գոնե նրանք ընդդիմության պես «թոկից փախած չեն», իսկ նման կերպով «սիրտ հովացնելը» քաղաքական կամ դիվանագիտական կատեգորիա չէ»:

Ա.Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի հեղինակության նկատմամբ ավելի ծանր հարվածներ գալիս են իշխանության վարքագծից, ընտրություններ կեղծելուց, մարդկանց քաղաքական նկատառումներով բանտարկելուց և այլն. «Ես չեմ կարծում, որ Զարուհի Փոստանջյանի նման հայտարարությունը հակահայրենասիրական է, կամ, եթե Զարուհի Փոստանջյանը նման բան չասեր, ուրիշները չէին իմանալու: Դա չի խնդիրը: Խնդիրն այն է, որ նման վարքագիծն անընդունելի է այդ տեսակ ինստիտուտներում, նման տեսակ հայտարարությունները լավ տպավորություն չեն թողնում, և ընդհանրապես ընդդիմության լրջության վերաբերյալ կասկածներ են հարուցում»:

Մեր դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ է, և, որպեսզի հարց տալու հնարավորություն ունենար, մշտական անդամներից մեկը պետք է իր տեղը զիջեր նրան, և, ըստ տարածված լուրերի, Զ.Փոստանջյանին հարց տալու իր հնարավորությունը զիջել էր պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը, Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ, թերևս, իշխանությունների համար դժվար չէ կանխատեսելը, որ Զ.Փոստանջյանը կարող է նման անզուսպ բան ասել, և վտանգ չեն զգում դրանից, և որևէ խնդիր չեն ունեցել` իրենց հերթը զիջելու Զարուհի Փոստանջյանին:

Կարդացեք նաև

«168 Ժամ»

Տեսանյութեր

Լրահոս