Խմորումներ ԱԺ-ում. ՀԱԿ-ը պնդում է, որ գլխավոր դատախազի ընտրությունները կեղծվել են

Ազգային ժողովում խմորումները շարունակվում են: Խորհրդարանական ընդդիմությունը կասկածում է, որ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ՀՀ գլխավոր դատախազի քվեարկության արդյունքները կեղծվել են: Հաշվիչ հանձնաժողովի անդամները տարբվեր տեսակետներ են հայտնում, թե քվեաթերթիկներից որո՞նք են ճանաչվել անվավեր, իսկ որոնք՝ ոչ:

168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հավաստիացրեց, թե ՀԱԿ խմբակցությունն ամբողջությամբ դեմ է քվեարկել Կոստանյանի թեկնածությանը: «Ես մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում: Ուրեմն` մի բան եղել է, չեմ բացառում, որ կեղծվել է: Իշխանությունն ընդդիմությանը վարկաբեկելու խնդիր է երևի դրել ու փորձում են դա իրականացնել»:

Հաշվիչ հանձնաժողովի անդամները միմյանց հակասող կարծիքներ են հայտնում անվավեր ճանաչված երկու թերթիկների շուրջ:

Ըստ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի՝ անվավեր են ճանաչվել այն երկու քվեաթերթիկները, որոնց «դեմ» և «կողմ» բառերի վրա խաչ է քաշվել: Իսկ Լյուդմիլա Սարգսյանն էլ պնդում է, թե իրենք որոշում են կայացրել անվավեր ճանաչել այն թերթիկները, որոնք քվեարկված են եղել հօգուտ «դեմ»-ի, բայց «խաչ» նշանի փոխարեն այլ նշան են դրել: «Ես իմ աչքով տեսել եմ, թե որոնք են անվավերները, բայց հիմա ինձ փորձում են համոզել, որ անվավերների վրա գիծ է քաշած եղել երկու տարբերակի վրա էլ՝  և «կողմի», և «դեմի», ուրեմն` թող բերեն վերահաշվարկ անեն՝ միգուցե մնացած կեղծիքնե՞րն էլ բացահայտվեն»,- պարզաբանեց նա:

Բայց Սուքիաս Ավետիսյանը շարունակում է հավաստիացնել, թե «պտիչկա» նշանով արված այն քվեաթերթիկները, որոնք Լ. Սարգսյանի խոսքով անվավեր են ճանաչվել, ճանաչվել են «կողմ»: «Եղել է երկու քվեաթերթիկ, որոնց «կողմ» բառի վրա խաչի փոխարեն դրվել է «պտիչկա», հանձնաժողովի որոշմամբ դա հաշվել ենք կողմ: Իրանք իրար մեջ չեն կարողանում հարց լուծել, գալիս են քաղաքական ինտրիգների մեջ են մտցնում հանձնաժողովը»,- վստահեցրեց Սուքիաս Ավետիսյանը:

Մենք ՀԱԿ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե քանի որ կասկածում եք արդյունքների վրա, արդյոք կպահանջե՞ք վերահաշվարկ: Ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Հիմա պետք է փորձեմ: Ես չեմ բացառում, որ հաշվելու ժամանակ այն թերթիկները, որոնք «դեմ» են եղել, մտցրել են «կողմի» մեջ: Մենք նայել ենք»:

Ս. Ավետիսյանն էլ հակադաևձեց Լ. Սարգսյանին՝ ասելով. «Ձեր ներկայությամբ բյուլետենները դրել ենք ծրարի մեջ, հանձնել, բոլորս ներկա ենք եղել»:

 

Տեսանյութեր

Լրահոս