Բաժիններ՝

ՎԶԵԲ-ը դատի է տվել «Սթարին»

Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) դատական հայց է ներկայացրել «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի դեմ՝ պահանջելով սնանկ ճանաչել ընկերությանը: Գործը քննվելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Ալեքսեյ Սուքոյան), որտեղ բոլորովին վերջերս «Սթար Դիվայդն» արդեն սնանկ ճանաչվել էր մեկ այլ պահանջատիրոջ՝ «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության ներկայացրած հայցով:

 2009 թվականին ՎԶԵԲ-ը ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցին հատկացրել էր 5.5 մլն դոլար՝ գնահատելով «Սթարի» «նորարարական մոտեցումներն ու հակվածությունը մենեջմենտի արդիական մեթոդների կիրառման նկատմամբ»: 5.5 մլն դոլարից 3.5 մլն-ը վարկային միջոցներ էին՝ 7 տարի մարման ժամկետով և 2 տարի հետաձգված վճարման պայմաններով: Եվրոբանկի միջոցներն ուղղվելու էին շրջանառու միջոցների համալրմանը, մատակարարների առջև առկա պարտավորությունների կատարմանը, օպերացիոն գործընթացների բարելավմանը:

 4-5 տարի անց «Սթարը» ոչ միայն չբարելավեց իր գործունեությունը, այլև հսկայական պարտքեր կուտակեց ու այսօր ընկերության պահանջատերերի թիվը հասնում է շուրջ 130-ի: Պարտատերերի ներկայացրած պահանջների ընդհանուր գումարը գերազանցում է 8 մլրդ 93 մլն դրամը (չհաշված ՎԶԵԲ-ին ունեցած պարտքը), ադ թվում՝ «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ին «Սթարի» ունեցած պարտքը 99 մլն դրամ է, «Երևանի Գարեջուր» ՓԲԸ-ին՝ 60 մլն դրամ, «Արտֆուդ» ՍՊԸ-ին՝ 53.2 մլն դրամ, «Արմսվիսբանկին»՝ 284.5 մլն դրամ, «Ամերիաբանկին»՝ 16.9 մլն դրամ, «Դելտա Ռիթեիլ» ՍՊԸ-ին՝ 822 մլն դրամ, «Ինտերստրատոս»ՍՊԸ-ին՝ 2,835 մլն դրամ: Եվս 7 մլն դոլար «Սթարը» պարտք է «Կրեդիտ» բանկին, իսկ ՀՀ պետբյուջեի հանդեպ չկատարած պարտավորությունները հասնում են գրեթե 82 մլն դրամի:

 Ինչպես 168.am-ին հայտնեց «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանը, պարտատերերի ներկայացրած պահանջները և դրանց դեմ իր առարկությունները դատարանի քննությունից հետո կհաստատվի պահանջատերերի ցանկը և «Սթարի» պարտքի չափը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է հոկտեմբերի 17-ին:

Կարդացեք նաև

 «Պեռնո Ռիկար Արմենիա»-ին իր պարտության հետ «Սթար Դիվայդը» չի համաձայնել՝ սնանկության մասին առաջին ատյանի վճիռն ընկերությունը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն դեռ պարզ չէ՝ հայցն ընդունված է, թե ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս