Զվարթնոցի հին շենքը պետք է պահպանվի՝ գտնում են ճարտարապետները (տեսանյութ)

ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Այսօր «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի (Կլոր շենք) հարցը քննարկվեց Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովում:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը նշեց, որ 5-ամյա զարգացման ծրագրում ներկայացված է նաև հին շենքի խնդիրը, միջգերատեսչական հանձաժողովը որոշել է, որ հանրությունն ինքը որոշի, թե ինչ պետք է արվի այդ շենքի հետ:

Քննարկմանը ենթակա բոլոր ճարտարապետներն ու մասնագետները միաբերան դեմ արտահայտվեցին, որ օդանավակայանի հին շենքը քանդվի: Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանի խոսքով՝ այդ շենքը ճարտարապետական արժեք է, ինչպես ՀՀ-ում Մայր տաճարն է, Ախթամարը՝ Թուրքիայում, Կոլիզեյը՝ Հռոմում. « Կոլիզեյն այնքան եկամուտ չի բերում, ինչքան ծախս է պահանջում պահպանելու: Անկախ, թե որ երկրի քաղաքացի են, ինչքան գումար են բերում, պետք է այն մոտեցումը ցույց տան մեր հարստությանը, որը ստեղծվել է առանց այդ կոնցենսիոներների»:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքով՝ անկախ թե որպես ինչ կօգտագրծվի օդանավակայանի հին շենքը, այն պետք է պահպանվի. «Հետագայում, եթե կարիք լինի, կօգտագործվի օդանավակայանի զարգացման համար: Բայց դա անվիճելի խնդիր է և պետք է պահպանել հաջորդ հազարամյակների համար»:

Կարդացեք նաև

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նկատեց, որ եթե Փակ շուկան «կռիսանոց» էր, ապա Կոլիզեյը կրկնակի «կռիսանոց» է, բայց եթե Կոլիզեյը չլինի, հսկայական վնաս կհասցվի Հռոմի զբոսաշրջությանը. «Զվարթնոցի այս շենքը միջազգային մակարդակով ընդունված արժեք է: Օգտագործման այնպիսի ձև է պետք գտնել, որի դեպքում կպահպանվի թե ներքին, թե արտաքին տեսքը»:

Քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը նկատեց, որ Էդուարդո Էռնեկյանը վերջերս համաձայնել է, որ ԱԳՆ շենքը հյուրանոց չի դառնալու, այլ վերածվելու է թանգարանի, իսկ Սամվել Ալեքսանյանը անտեսեց Փակ շուկայի հետ կապված հանրության կարծիքը: Ըստ Ազիզյանի՝ հարկավոր է բիզնես ծրագրերի մրցույթ հայտարարել և ներկայացված հայտերից Էռնեկյանը կարող է ընտրել առավել շահավետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս