Բաժիններ՝

Տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ այսուհետ ձայնային կայքի միջոցով կարող են ծանոթանալ օրենքներին

Տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ այսուհետ ձայնի միջոցով կարող են ծանոթանալ օրենքներին: Այդ ամենը հնարավոր է «ՀՀ օրենքների դրույթներ հաշմանդամություն ունեցող անձանց համար» աուդիոսկավառակի և www.audioinform.am ձայնային կայքի միջոցով, որոնց շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր` սեպտեմբերի 13-ին:

«ՀՀ օրենքների դրույթներ հաշմանդամություն ունեցող անձանց համար» աուդիոսկավառակում ներկայացված են դրույթներ մի շարք ՀՀ օրենքներից իրենց սահմանումներով և մեկնաբանություններով, ներառյալ՝ կրթության իրավունքը, աշխատանքի իրավունքը, սոցիալական պաշտպանությունը և այլն»։  Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Տեղեկատվության հասանելիություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար» ծրագրի համակարգող Քրիստինե Խաչիկյանը` նշելով, որ www.audioinform.am ձայնային կայքը առաջին նմանատիպ կայքն է հայ իրականության մեջ, որը նախատեսված է հենց տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

«Կայքը ձայնային հրահանգի միջոցով հնարավորություն է տալիս կույր մարդուն օգտվել կայքից ինքնուրույն։ Այս կայքում կարելի է ծանոթանալ ՀՀ սահմանադրությանն ու մի շարք օրենքների՝ ընտրված հոդվածների մեկնաբանությամբ, ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև միջազգային և ներպետական մի շարք փաստաթղթերի, որոնցով կարգավորվում են հաշմանդամների իրավունքները»,- ասաց Ք. Խաչիկյանը` նշելով, որ կայքի` «Օգտակար ռեսուրսներ» բաժնում տեղադրված է հղում դեպի «Աուդիոգիրք» կայք, որտեղ կարելի է լսել «Հայ գրականության ձայնը» աուդիոգիրքը, իսկ ապագայում կայքում կհավաքագրվեն կույրերի համար տարբեր կազմակերպությունների կողմից ստեղծված օգտակար ռեսուրսներ։

Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության Մարտին Սարգսյանի խոսքով` սա հնարավորություն է տալիս ծանոթանալու օրենքներին ոչ միայն տեսողության խնդիրներ ունեցող անձանց, այլև նրանց ընտանիքի անդամներին:

Կարդացեք նաև

Մ. Սարգսյանը կոչով դիմեց նաև պետական այրերին. «Դուք նկատի ունեցեք, որ տեսողության առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները էլ ավելի են զինվել օրենքների իմացությամբ և պահանջելու են, որ օրենքը կիրառվի: Մենք գնում ենք դեպի իրավական երկիր դառնալու ճանապարհով, որտեղ մեր չտեսնողները նույնպես իրազեկված կլինեն և կկարողանան իրենց շահերը իրենց կարգավիճակից ելնելով ներկայացնել, պահանջել և օգտագործել»,- ասաց Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության փոխնախագահը:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ աուդիոսկավառակը և ձայնային կայքը ստեղծվել է «Տեղեկատվության հասանելիություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, որն իրականացնում է «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպությունը «Քաունթերփարթ ինթերնեշնլ» հայաստանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս