Իտալական «Pirelli»-ի ներկայացուցիչները՝ «Նաիրիտում»
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարան են ժամանել իտալական «Pirelli» ընկերության ներկայացուցիչները՝ ծանոթանալու քիմիական հսկային, գնահատական տալու և համագործակցության հնարավոր ուղղությունները որոշելու համար: Նրանք այստեղ են գործարանի կառավարմամբ հետաքրքրված «Ռոսնեֆտ» ընկերության հրավերով, որը հուսով է, որ իտալական գործընկերները նույնպես ներդրում կունենան «Նաիրիտի» վերագործարկման նախագծում:
«Pirelli»-ն աշխարհում ավտոմեքենաների անվադողեր արտադրող մեծությամբ 5-րդ ընկերությունն է: Այն ունի 24 գործարաններ՝ աշխարհի 13 երկրներում: Բացի անվադողերի արտադրությունից՝ իտալական ընկերությունը զբաղվում է նաև ռետինատեխնիկական արդյուանաբերության համար նոր տեխնլոգիաների ու սարքավորումների մշակմամբ: Ենթադրվում է, որ հենց վերջին ուղղությամբ էլ կընթանա համագործակցությունը «Ռոսնեֆտի» հետ, եթե ռուսական ընկերությունը վերջնականապես որոշի ստանձնել «Նաիրիտի» կառավարումը:
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո «Ռոսնեֆտն» առավել վճռական է տրամադրված և ՀՀ կառավարությունից «պահանջում է գործարանն իրեն հանձնել»՝ առանց կուտակված պարտքերի:
Պատահական չէ, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունից հետո «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը հանդիպել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի և վերակառուցման ու զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանի հետ։
«Մենք դրական ենք գնահատում հայ գործընկերների հետ համագործակցության իրականացման ընթացքը: Ներկա պահին սպասում ենք «Նաիրիտ» գործարանում իրականացված աուդիտի, ինչպես նաև հարկային ռեժիմի հետ կապված Հայաստանի կառավարության հետ բանակցությունների վերջնական արդյունքներին` նպատակ ունենալով նախագծում մասնակցելու որոշում կայացնել: Մենք տեսնում ենք էական հեռանկարներ մեր հայ գործընկերների հետ համագործակցության մեջ և համոզված ենք, որ առկա է Հայաստանում ռազմավարական ներդրումների համար ներուժ, որը կարող է լրացուցիչ տնտեսական ու առևտրային առավելություններ ապահովել «Ռոսնեֆտի» և Ռուսաստանի համար»,- ասել էր Ի.Սեչինը: