Ռուսաստանի հետ երկխոսության մեկ տարում քիչ բան չի արվել. Զուրաբ Աբաշիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Կազբեկի» մաքսային անցակետի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել և ձեռք են բերվել իրական դրական փոփոխություններ:
Աբաշիձեի խոսքերով՝ նոր տերմինալների ձեռք բերումը կնպաստի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնմանը. «Նախորդ տարեվերջին մենք երկխոսություն սկսեցինք Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում վերականգնվեցին առևտրային հարաբերությունները, վերականգնվեց արտահանումը ռուսական շուկա:
Սեպտեմբերի վերջին մեր գյուղմթերքը հնարավորություն կստանա դուրս գալու ռուսական շուկա: Դրան միանում են մեր տրանսպորտային ընկերությունները: Մոտ 40 տոկոսով ավելացել է ռուս զբոսաշրջիկների ներհոսքը, ինչը տեսանելի է անզեն աչքով»:
Աբաշիձեն հիշեցրել է, որ մինչև սեպտեմբերի 20-ը Պրահայում հանդիպելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ՝ ընդգծելով, որ դեռ կան մի շարք հարցեր, որոնց լուծում կտրվի առաջիկա ամիսներին: