Պոլիտեխնիկը կհետաձգի՞ վարձավճարների ժամկետը
168.am-ն անդրադարձել է հարցին՝ արդյոք ուսման վարձավճարները բարձրացրած ԲՈՒՀ-երը պատրաստվո՞ւմ են սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար հետաձգել վարձավճարների մուծման վերջնաժամկետը: Հարցի վերաբերյալ ներկայացրել էինք Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ինչպես նաև Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի դիրքորոշմանը: Մեր հարցադրմանը արձագանքել է նաև Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը:
«Նախևառաջ, ՀՊՃՀ-ում 2013-2014 ուստարվա մասնագիտությունների վարձավճարները սահմանվել են այնքան, որ թանկ արժեք ունեցող ճարտարագիտական կրթությունը հասանելի և մատչելի լինի սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների համար` այդպիսով չսահմանափակելով ՀՀ քաղաքացու` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, միաժամանակ նաև հնարավորություն տրվի բուհին` պատշաճ մակարդակով իրականացնելու ճարտարագիտական կրթության կազմակերպում: Բացի այդ, ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունն առաջնորդվել է փոխըմբռնման սկզբունքով, և առաջին կուրսեցիների վարձավճարների գանձումը, զեղչումը, ինչպես նաև` ընդունված դիմորդների հրամանագրումը միշտ կատարվել և կատարվում է` հաշվի առնելով սոցիալական խոցելի խմբերի առանձնահատկությունները և վճարունակությունը»,- պատասխանել է նա:



