Առանձնակի դաժանությամբ 38-ամյա տղամարդուն սպանած ու անչափահասի հետ դին թաքցրած սպանության հեղինակը տեղափոխվեց կանանց գաղութ
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Նշված դատարան էր բերվել Ստեփանավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Հեղինե Գալստյանը, ով կասկածվում է Ստեփանավան քաղաքում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանը դիմել է նշված դատարան, որպեսզի Հ. Գալստյանը վերցվի երկամսյա կալանքի: Գիշերը ժամը 00:40-ի սահմաններում նշված դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը, և քիչ առաջ Հ. Գալստյանը Վանաձորից տեղափոխվեց Աբովյանի կանանց գաղութ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը Հ. Գալստյանը Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցի տներից մեկում առանձնակի դաժանությամբ սպանել էր 38-ամյա Ալեքսանդր Կլիմովին, որից հետո 15-ամյա Աննա Լ.-ի հետ դիակը տեղափոխել են նշված տան բակում գտնվող խորդանոց-արհեստանոց և թաքցրել նկուղում: Սակայն 7 օր անց ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներով բացահայտել են զարհուրելի սպանությունը: Իսկ դատաբժշկական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա առկա է եղել դանակի 5 և կացնի 3 հարվածի հետք: Փաստի առթիվ ավագ քննիչ Ռ. Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com-ում