Հ. Նավասարդյանը հերքում է, թե իր որդին կարող էր ակտիվիստների ծեծին մասնակից լինել. Իրենք, երևի, շատերի «պապաներին» են նեղացրել
Օգոստոսի 24-ի գիշերը ակտիվիստներ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկելու փաստով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին ուղղված ակնարկները (որ ծեծը հրահրված է նրանց որդիների կամ ազգականների կողմից ) Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը համարում է անհիմն: Այն նկատառմամբ, որ ծեծողներն ասել էին՝ «մեր հերերի՞ն եք ուզում բան արած լինեք»։
«Ես չեմ հասկանում՝ «պապաներին» ասելով ինչո՞ւ ինձ նկատի ունեք: Կարծում եմ, որ իրենք շատերի պապաներին են երևի նեղացրել, դրա համար են պապաների անունից խոսում»,- Tert.am-ին ասել է Հենրիկ Նավասարդյանը՝ նշելով, որ միայն գիտի, որ իր տղաները «նման արարքներով չեն զբաղվում»:
Նշենք, որ ակտիվիստներին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի պետ Արթուր Սաքունցը, ակնարկելով, որ ծեծողները ասել են՝ «մեր հերերի՞ն եք ուզում բան արած լինեք», «Առավոտ»-ի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ նկատել է, որ հայտնվել է «պապաների» կամ «հերերի» ահաբեկչական խմբավորում՝ ակնարկելով, որ ծեծողներն անմիջական կապ ունեն Երևանի քաղաքապետարանի և նրա այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Ի պատասխան հարցին էլ, թե հնարավոր համարո՞ւմ է, որ երրորդ կողմն է փորձել իրար խառնել խաղաթղթերը, Հենրիկ Նավասարդյանն ասաց. «Ես ի՞նչ կարող եմ ասել, և երկրորդը՝ ինչու՞ եք նորից ինձ շեշտադրում: Նույն ակտիվիստները հարյուրավոր ոստիկանների հետ են վիճաբանել, կոպեկները հարյուրավոր մարդկանց վրա են շպրտել…»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: