Ո՞վ է հոգեպես ավելի ազնիվ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի կարծիքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթեր, «արդար գնահատական էր»:

Ս. Սարգսյանի հայտարարության առնչությամբ մեզ հետ զրույցում Լևոն Զուրաբյանը հեգնանքով ասաց. «Ալիևն ու Սերժ Սարգսյանն իրար գտել են: Իլհամ Ալիևի համար էլ ամենաընդունելի լիդերը Հայաստանում Սերժ Սարգսյանն է. սա փոխադարձ, ջերմ վերաբերմունք է իրար նկատմամբ: Սերժ Սարգսյանն էլ շատ անկեղծ, շատ անկեղծ է եղել, որովհետև իրենց փտած ռեժիմները կարող են պահպանել միայն ժողովրդին կեղեքելով, փոխադարձ համակրանք հայտնելովգ»: ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի համար ամենաընդունելի լիդերը` Իլհամ Ալիևը, ամենահայատյաց արտահայտությունների հեղինակն է. «Ալիևը չի՞ ասել, որ Հայաստանը ընդհանրապես գոյություն չպետք է ունենար, որ երկրորդ հայկական պետություն ադրբեջանական հողի վրա թույլ չենք տա ստեղծել, նա չէ՞ այս հայատյաց քաղաքականության ճարտարապետը…

Ալիևն այն մարդն է, որ հայակական ազգանուն ունեցող որևէ մեկին թույլ չի տալիս մտնել Ադրբեջան: Ու Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ նման մարդը իր համար ավելի ընդունելի է, մինչդեռ Ալիևի հակառակորդը` Ռուստամ Իբրահիմբեկովը, ասում է, որ հայերի հետ պետք է հաշտվել` կոնկրետ հայանպաստ գնահատականներով է հանդես գալիս»: Ըստ նրա` Սերժ Սարսգյանի հայտարարությունը հնարավոր է բացատրել միայն երկու «փտած» ռեժիմների կեղեքիչ ղեկավարների` միմյանց նկատմամբ առկա սիմպատիայով ու մեկը մյուսի իշխանությունը հավերժ պահպանելու մտադրություններով:

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ լիովին «արդարացնում» է Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մ. Մինասյանը ՀՀ նախագահի հայտարարությունը մեկնաբանեց այսպես. «Պետք է ընդունել մեկ ճշմարտություն` իրական քաղաքականությունը մեզ հուշում է, որ, այո, Ալիևը, որպես մեր հարևան ոխերիմ երկրի ղեկավար, իր բոլոր թերություններով հանդերձ ձեռնտու է Հայաստանի համար, որովհետև այդ դեպքում Ադրբեջանում կշարունակի մնալ հոխորտանքը, թալանը, կիշխի մաֆիոստրուկտուրան, և երկիրն ավելի կսուզվի ճահճի մեջ: Մի՞թե ոխերիմ թշնամուն նման վիճակում տեսնելու համար մեզ համար ձեռնտու չէ, որ շարունակի իշխել Ալիևը»: Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Ադրբեջանում կան հայանպաստ թեկնածուներ, ի տարբերություն հայատյաց Ի. Ալիևի, Մ. Մինասյանը նախ խորհուրդ տվեց լինել իրատես, ապա ավելացրեց.

«Մենք բոլորս էլ գիտենք, որ թեկնածու կա 0,2 տոկոս էլ ձայն չի հավաքի: Իսկ եթե նրանցից որևէ մեկին քաղաքական տեխնոլոգիաներից ելնելով ասել են, թե այս կամ այն նախադասությունը կասես հայանպաստ, մենք էլ այստեղ հայերով ոգևորվել ենք, թե Ադրբեջանում հայերի փրկիչ է հայտնվել, աբսուրդի թատրոնի պես մի բան է: Դուք պատկերացնո՞ւմ եք Ադրբեջանում քաղաքական մի գործիչ, որը հայանպաստ գործունեությամբ զբաղվի: Ես չեմ պատկերացնում: Հիմա ի՞նչ` լինի մեկ ուրիշը, որը ավելի ժողովրդավա՞ր լինի, պետության մասին ավելի շա՞տ մտածի, պետական ունեցվածքի նկատմամբ ոտնձգություն չանի՞, ստվերային տնտեսություն, կոռուպցիա թույլ չտա՞, հասարակությունը առողջացնի՞… Ես չեմ ուզում Ադրբեջանին այսպիսին տեսնել»: Հարցին, թե Հայաստանին ձեռնտու է, որ Ալիևը ճահճի մեջ է պահում իր երկիրը, նա դրական պատասխան տվեց` «Այո»:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս