Լևոն Բարսեղյանի բաց նամակը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան,
Օգոստոսի 21-ի առավոտյան տեղեկացա, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն քանդում է Հայաստանի Արտենի երկաթուղային կայարանի երկրորդ երկաթգիծը եւ փակում է երկաթուղային կայարանը, գործազուրկ դարձնելով 5 հոգու: Մեր ունեցած տեղեկություններով, այժմ քանդվող այդ գիծը հիմնանորոգվել է անցած տարի: Կայարանապետին այս ապամոնտաժման աշխատանքների մասին տեղեկացրել են երեկ երեկոյան: Կայարանապետն այս մասին իրազեկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Արտենիի բնակիչները առավոտնից բորբոքված են եւ բողոքում են երկաթուղու մի գծի ապամոնտաժման ու կայարանի փակման դեմ:
Պարոն Սարգսյան, ի գիտություն ընդունեք տարակուսանքս ու մեծ դժգոհությունս այսօրինակ կոնցեսիոն կառավարման դեմ, արդյո՞ք կոնցեսիոն կառավարման իրավունքը թույլ է տալիս ժամանակավոր կառավարչին նվազեցնել Հայաստանի երկաթուղու թողունակությունը, ի՞նչ իրավունքով է այս կառավարիչը այսօրինակ գործողություններ իրականացնում, արդյո՞ք աշխատատեղերի կրճատումը, երկաթուղային կայարանի փակումը և գծի ապամոնտաժումը նախատեսված է կոնցեսիոն կառավարման պայմանագրով, եւ, վերջապես, արդյո՞ք Դուք երաշխիքներ ունեք, որ մի օր էլ չեն որոշի Երեւան-Մասիս երկաթգիծը ապամոնտաժել, թունելները փակել, կամ կամուրջները քանդել, ինչի՞ վրա են հենվում Ձեր ունեցած երաշխիքները:
Մի շարք մտահոգ քաղաքացիների անունից, խնդրում եմ, միջոցներ ձեռք առնել անհապաղ կասեցնելու համար Արտենի կայարանի երկաթգծի ապամոնտաժումը, վերականգնել նախկին իրավիճակը, ուսումնասիրել այս նամակում բերված հանգամանքները եւ այսուհետեւ բացառել այսօրինակ ինքնագործունեությունը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Լեւոն Բարսեղյան