Որտեղ որ առաջարկեն, այնտեղ էլ կաշխատեմ. Ներսիկ Նազարյան

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը օրեր առաջ է վերադարձել հանգստից, իսկ այժմ շարունակելու է հանգստանալ Երևանում: NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ աշխատանքի անցնելու հետ կապված առաջարկ, հրավեր, քննարկում չկա:

Հարցին, թե չեք հոգնել հանգստից և մինչև երբ եք որոշել հանգստանալ, նախկին ոստիկանապետն ասել է. «Ոչինչ, երկար աշխատել եմ, հիմա մի քիչ կարելի է հանգստանալ: Տեսնենք` ինչքան կհանգստանամ, կերևա, առաջարկներ չկան, որ լինի, կասեմ անպայման, ես դեռ հանգստանում եմ»:

Նախկին ոստիկանապետը դեռ չի մտածել, թե ինչ է անելու, եթե ոստիկանական համակարգից առաջարկ չլինի և չի կարող ասել, թե իր աշխատանքը, բացի ոստիկանական համակարգից, ուրիշ որտեղ է պատկերացնում: «Կերևա, առաջարկներ կլինի, ըստ դրա, կերևա, կտեսնենք, որտեղ էլ լինի, կաշխատեմ նորմալ»,- ասել է նա:

Ներսիկ Նազարյանն ասել է, որ որևէ խնդիր չկա, կաշխատի ոստիկանական համակարգում, եթե նույնիսկ նախորդից ցածր պաշտոն առաջարկվի: «Ես սպա եմ, որտեղ որ առաջարկեն, այդտեղ էլ կաշխատեմ, ի՞նչ խնդիր կա, իսկ ով է ասում, որ միշտ պետք է աշխատենք շատ-շատ, որտեղ որ առաջարկեն, այնտեղ էլ կաշխատեմ, ի՞նչ է եղել»:

Նա նաև ասել է, որ լավ հարաբերություններ ունի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, զրույցներ ունեցել են տարբեր թեմաներով, բայց ոչ իր` աշխատանքի անցնելու հետ կապված: «Կարոտո՞ւմ, կարոտելը ի՞նչ հասկացողություն է, կարոտում եմ ես իմ երեխաներին, թոռնիկներին, պաշտոնի կարոտելը ո՞րն է, աշխատանք է, աշխատել ենք»,- ասել է Երևանի նախկին ոստիկանապետը:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս