Բաժիններ՝

Քննարկվեցին «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրները

«Տաթև»  զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում ծավալվեց օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա դարձավ «Տաթև» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով:

Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթև» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական եւ լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը: Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման եւ լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթև մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի եւ ճոպանուղու կայանի հանգույցը: Նախագիծը հիմնականում ներառում է բնակելի տների էսքիզային նախագծեր, հասարակական սպասարկման օբյեկտներից բաղկացած բազմաֆունկցիոնալ կենտրոն, հյուրանոցային համալիր եւ այլն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը նախատեսվում է կառուցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասնակցությամբ:

Կարևորելով համայնքի բնակչության մասնակցությունը կենտրոնի կայացման գործում` քննարկման արդյունքում որոշվեց միջգերատեսչական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Տաթևում:

Հիշեցնենք, որ «Տաթև» զբոսաշրջաին կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` քաղաքաշինության նախարարի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Դիլիջանի զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրներին:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս