«Հայաստանը պատրաստվում է պատերազմի, որովհետև ուզում է խաղաղ ապրել»
«Եթե մենք գնում ենք զենք, նշանակում է պատրաստվում ենք պատերազմի, իսկ եթե պատերազմի ենք պատրաստվում, նշանակում է մեր ցանկությունը մեկն է՝ խաղաղ ապրել: Որովհետեւ պետք է պատրաստ լինել պատերազմի, եթե ուզում ես խաղաղ ապրել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ պատգամավոր, ազատամարտի մասնակից Աշոտ Աղաբաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից հայկական զինված ուժերում չինական արտադրության կրակային հրթիռներով համալրման մասին տեղեկություններին:
Հիշեցնենք, խոսքը գնում է համազարկային կրակի հրթիռային նոր համալիրների մասին, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի, եւ որոնք չինական արտադրության AR1A համալիրներ են եւ համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-ները, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները:
«Դա բնական տենդենց է, բնականաբար բոլոր երկրներն էլ, բոլոր պետություններն էլ միշտ պատրաստ լինելու համար միշտ էլ նման քայլեր են անում: Հայաստանն էլ ինչպես անցած տարիներին, այնպես էլ հիմա մշտապես պատրաստ է և էլի պատրաստվում է»,- ասել է Ա. Աղաբաբյանը:
Նշենք, որ առայժմ ՀՀ ՊՆ չի հերքում եւ չի էլ հաստատում այն տեղեկությունը, որ ՀՀ չինական արտադրության հրթիռներ է գնել, այնինչ Ադրբեջանի՝ Ռուսաստանից մեծաքանակ զենքի գնման գործընթացից անմիջապես հետո մեծ աղմուկ բարձրացավ: Ա. Աղաբաբյանը ասել է, որ հայկական կողմի ձեռագիրը միշտ էլ այդպես համեստ է եղել:
«Մենք միշտ էլ արել ենք եւ գլուխ գովելու խնդիր չունենք, իսկ Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սկսվում եւ դրա համար նպատակ ունեն ամեն ինչ օգտագործելու»: