Բաժիններ՝

Ե՞րբ իրավունք ունի ՃՈ տեսուչը կանգնեցնել տրանսպորտային միջոցը

Գրեթե բոլոր վարորդներինին հուզող հարցերից մեկն այն է, թե ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը ե՞րբ իրավունք ունի կանգնեցնել տրանսպորտային միջոցը և արդյոք դա հաճախ կամայական բնույթ չի կրում:

Պետք է նկատի ունենալ, որ օրենքը ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողին որոշակի դեպքերում պարտավորեցնում, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի իրավունք է տալիս կանգնեցնել տրանսպորտային միջոցը:

Այսպես.

Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղևորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.

գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:

Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանը տրանսպորտային միջոցը կանգնեցնում է դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով ազդանշան տալով: Երթևեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաև սուլիչով:

Նշված դեպքերից բացի, ճանապարհային ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաև ՀՀ ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:

Ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների և (կամ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է համապատասխան ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս