Բաժիններ՝

Երբ իշխում է անմեղսունակությունը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն 3 ամիս է, ինչ Հայաստանի կենսաթոշակառուները ժամանակին չեն ստանում իրենց հասանելիք գումարը: Անվերջ ինչ-որ ցուցակների անճշտության խնդիրներ են առաջանում: Մարդիկ բացահայտում են, որ իրենք չկան ցուցակներում և ձեռնունայն տուն են գնում:

Մարդկանց այս մտահոգության մասին «Ժողովուրդ» օրաթերթն ուրբաթ՝ օգոստոսի 2-ին, ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց. Ե՞րբ է կարգավորվելու թոշակառուների ցուցակների հարցը: ՀՀ կառավարության ներկայացուցիչը ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց.

«Օգոստոսին թոշակների վճարման հարցում խնդիրներ չեն առաջանա: Նախորդ ամիսներին ծագած խնդիրները, երբ մի քանի հարյուր թոշակառուներ դուրս էին մնացել տեղեկատվական ցանկերից, չեն կրկնվի, քանի որ տեղեկատվական բազաների ճշտումն ավարտվել է»:

Եվ ի՞նչ: Կրկին թոշակառուները կանգնեցին փաստի առաջ: Երեկ «Հայփոստ» ՓԲԸ-ի երևանյան մի քանի բաժանմունքներում լարված իրավիճակ էր: Մարդիկ բղավում էին, պահանջում իրենց գումարները, սակայն անօգուտ. ցուցակները չկային:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Արամայիս Շահբեկյանից «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե արդյոք սեպտեմբերին էլ նույն իրավիճակը կլինի:

«Վստահ չեմ կարող ասել, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ չի լինի»,- նշեց խոսնակը՝ հակասելով իր «ամենաբարձր» ղեկավարին՝ նախարարին: Թե նրանցից ով է ստում, թերևս բացատրության կարիք չկա: Պարզապես այսօր արդեն անհանգստություն է նկատվում ՀՀ քաղաքացիների մոտ: Եթե 2014-ից գործի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ՀՀ քաղաքացին ումի՞ց պետք է պահանջի իր վճարած առավել մեծ գումարները»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս